«Թանգարանի զինվորը»՝ Շահեն Խաչատրյանը դարձավ 84 տարեկան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թանգարանի զինվորը»՝ Շահեն Խաչատրյանը դարձավ 84 տարեկան

Սեպտեմբերի 28-ին հայ արվեստի երախտավոր, արվեստաբան Շահեն Խաչատրյանը դարձավ 84 տարեկան:

Իր հուշերում Շ. Խաչատրյանը պատմում է. «Մի օր, 1971 թվականին, գիշերվա ժամը 4-ին, Մինասը թակեց Մ. Սարյանի թանգարանի պատուհանը. «Սիրտս, ասաց, – անհանգիստ է, արի մի րոպեով մտնենք Վարպետի մոտ. գուցե նրան այլևս չտեսնեմ…»: Լռության մեջ մենք ոտնաթաթերի վրա քայլելով, ծածուկ մոտեցանք նրա անկողնուն: Նույն վայրկյանին նա բացեց աչքերը և քմծիծաղով նայելով Մինասին՝ ասաց. «Ես, ինչ է, այդքան երկա՞ր եմ քնել»: Իսկ հետո մատը պարզեց ինձ ու ասաց. «Թանգարանի՛ զինվոր»»: Եվ իսկապես՝ թանգարանի զինվոր, որն օրինակելի նվիրումով ծառայել է սիրած գործին, կարողացել է համալրել Հայաստանի թանգարանային հավաքածուները և հարստացնել շուրջ 500 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներով: Երբեք չի խոսել իր արած գործերի մասին, միշտ լուռ է եղել, հավատալով, որ արած աշխատանքն ինքնին վկայությունն է: Նա այդպես է վարվել նաև իբրև բարերար. երբեք չի բարձրաձայնել իր բարեգործությունների մասին:

Արվեստաբանի 84-ամյակը նշվեց Երևանի Տերյանի անվան դպրոցում, որի գրադարանը նորոգել ու իր գրքերով համալրել էր Շ. Խաչատրյանը:

Դպրոցում կազմակերպվել էր մեծարման ցերեկույթ: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև արվեստաբանի բարեկամներն ու հարազատները:

Իր խոսքը, գործը, պ-ն Խաչատրյանը միշտ բանաձևել է չարենցյան քառյակով.

«Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,

Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.

– Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,

Որ երազում երազեցինք ու անցանք…»:

Երկար տարիներ, մեր սիրելի «Թանգարանի՛ զինվոր»:

Լուսանկարները՝ Զավեն Սարգսյանի

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը