Շառլ Ազնավուրը օրինակ է ամբողջ աշխարհի մարդկության համար. Հրաչյա Հարությունյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շառլ Ազնավուրը օրինակ է ամբողջ աշխարհի մարդկության համար. Հրաչյա Հարությունյան. life.panorama.am

«Շառլ Ազնավուրը երեւույթ էր, չկրկնվող տեսակ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը:

Ըստ նրա՝ Շառլի մեծությունը միայն երգարվեստի մեծ չէր:

«Շառլ Ազնավուրն իմ ողջ կյանքում հետաքրքրել է ինձ իր մարդ տեսակով, նրա մեծությունը ոչ միայն իր երաժշտության, այլեւ իր մարդ տեսակի մեջ է: Թեեւ ինքս նրա արվեստի մեծ երկրպագուն եմ եւ հաճախ եմ նրա երգերը լսում, սակայն վստահ կարող եմ ասել, որ նա երեւույթ էր իր ողջ տեսակով: Նրա մտածելակերպը, արարքները, նրա դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ բացառիկ էր եւ ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ՝ աշխարհի համար: Անշուշտ, նրա կորուստն ինձ համար եւս մեծ է, եւ ցավում եմ բոլորիս համար»,- նշեց Հրաչյա Հարությունյանը:

Ըստ ՀՀ վաստակավոր արտիստի՝ այս օրերին ամեն մեկն իր զգացողությունները արտահայտում է Շառլ Ազնավուրի մահվան վերաբերյալ, բայց իր կարծիքով՝ պետք չէ սգալ, փոխարենը պետք է մեծ շանսոնյեի ապրած կյանքից օրինակ վերցնել:

«Ինքս կորուստը շատ լավ եմ հասկանում, բայց նաեւ կարծում եմ, որ Շառլի դեպքում շատ սգալ պետք չէ, քանի որ նա իսկապես ապրեց ու ավարտեց իր կյանքը, նա օրինակ է ամբողջ աշխարհի մարդկության համար: Նրա ամբողջ կյանքը պայծառություն էր, սեր էր, խաղաղություն էր ու նա այդպես էլ գնաց: Շառլն այնպիսի մեծություն էր, որ չեմ էլ ուզում իր մասին անցյալով խոսել, նա կա ու լինելու է միշտ: Անշուշտ նրա արվեստը սիրողները կշարունակեն լսել նրա երգերը, ինքս հաստատ միշտ լսելու եմ Շառլ ու վայելելու եմ նրա արվեստը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են՝ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորիում՝ Փարիզից ոչ շատ հեռու: Երաժիշտն ինքն է ցանկացել այնտեղ թաղվել եւ մի քանի անգամ նույնիսկ խոսել է այդ մասին: Այտեղ է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա հաճախ ժամանակ էր անցկացնում իր ընտանիքի հետ: Այնտեղ է գտնվում նաեւ նրա ընտանեկան գերեզմանատունը:

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է  XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետով կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ։ 1946 թ-ին նրանք երկուսն էլ մասնակցել են Ֆրանսիայում և ԱՄՆ–ում կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել էերգչի պրոֆեսիոնալ կարիերան։Ազնավուրի երգերը կատարել են  Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։

life.panorama.am