Կարինե Աշուղյանի հրապարակումը.
«Ես չգիտեմ՝ Մակրոնի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ինչ-որ մե՞կն է գրել, մի ողջ թի՞մ է աշխատել, թե՞ հենց ինքը, սակայն որ նա ոսկեբերան հռետոր է՝ կասկածից դուրս է: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ անհնար է սովորել կամ սովորեցնել այսքան ընտրագույն ելույթ: Գիտեմ, որ դպրոցական տարիներին հաճախել է ասմունքի խմբակ, և այլն, և նման բաներ. միևնույն է, սա ասմունք չէր, այլ քաղաքական գործչի ելույթ, որի ամեն բառը ապրված ու մտածված է իր իսկ կողմից: Հասկանալի է, որ այս ելույթի հետևում ֆրանսիական ողջ մշակույթն է՝ Դեկարտի և Սարտրի փիլիսոփայությունը, Վոլտերի ազատախոհությունը, Հյուգոյի և Պոլ Վալերիի գրականությունը… Բայց նա այս ամենը անուրանալի տաղանդով է յուրացրել և իրենը դարձրել:
Եվս մի քանի այսպիսի ելույթ, և իրոք՝ 50 տարի անց ֆրանսախոսների թիվը կհասնի 1 միլիարդի, ինչպես ինքն էր մի առիթով խոստովանել իր երազանքի մասին:
Մակրոնի ելույթը պարզապես դասագրքային նմուշ է, որ ընդգրկում է հին հունական ճարտասանությունից մինչև ժամանակակիցը՝ ամբողջ գործիքակազմը, փաստարկման հրաշալի կարողությունը և ավելացրած մարդկային հմայքը: Դատողականության և հուզականության այսպիսի ներդաշնակ համադրություն՝ շշմելու է: Երկիրը ղեկավարելու Մակրոնի այստեսակ փիլիսոփայությունը նրան դարձնում է ֆրանսախոս ամբողջ հանրության առաջնորդը: Հոգու և ոգու, աշխարհընկալման, ոճի և ճաշակի իմաստով նկատի ունեմ:
Իր ուղերձները տեղ հասցնելու համար ունկնդրին բարձրացնելու ինչ անկեցվածք ու ազնիվ ջանք: Ինչ հղկված ու նրբագեղ շարժուձև և դիմախաղ:
Նորանոր տարածքներ և հոգիներ գրավելու ֆրանսիական հավակնության մեջ՝ ինչ խոնարհություն:
Եվ ինչ հուզիչ երՙ երախտագիտություն ու ակնածանք՝ մեր ընդհանուր հպարտության՝ Ազնավուրի անունը արտաբերելիս:
Հատուկ հիացմունքի են արժանի գրողի և գաղափարների, գրքերի և թարգմանության, երիտասարդության, ժողովրդավարության և էլի շատուշատ թանկ արժեքների մասին նրա ինքնատիպ դատողությունները:
Ի դեպ, պատահական չէ, որ նա անձնական կյանքում էլ չի դավաճանել ինքն իրեն, չի ապրել՝ համարվելով մեծամասնության կարծիքին, և այդ խիզախությունը պարգևատրևվել է սիրով ու երջանկությամբ:
Էմանյուել Մակրոնը պոետ է՝ առնվազն իր խոսքով, ապրածով… ո՞վ իմանա, գուցե և մի օր մենք կառերեսվենք նրա բանաստեղծությունների գեղեցիկ փաստի հետ»: