Jaguar Land Rover-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տասնամյակում Jaguar-ը վերակազմավորել բացառապես էլեկտրամոբիլներ արտադրողի: Ներքին այրման շարժիչով աշխատող մոդելների շարքն աստիճանաբար կկրճատվի հաջորդ հինգ-յոթ տարվա ընթացքում: Իսկ նոր ընտանիքի առաջին ավտոմեքենան կդառնա առաջատար XJ-ի Էլեկտրական փոխարինողը:
Autocar հրատարակության տեղեկատվության համաձայն, էլեկտրական ուժային սարքով Jaguar XJ-ը կհայտնվի առաջիկա երկու տարում: Մոդելը կդառնա Porsche Taycan-ի, Tesla Model S-ի, ինչպես նաև Mercedes-Benz S-Class-ի ու Bentley Flying Spur-ի մրցակիցը: Նոր XJ-ը մեծապես կվերաիմաստավորի մոդելի հորինվածքը, որի պատմությունն սկիզբ է առնում 1967 թվականից: Մասնավորապես, այն կստանա միանգամայն նոր ինտերիեր:
XE և XF մոդելների կյանքի ցիկլը կավարտվի 2023 թվականին: Դրանք կարող են փոխարինվել էլեկտրական քրոսովերով, որը չափերով փոքր-ինչ գերազանցում է Audi e-tron-ին: Հաջորդ սերնդի I-Pace-ը կդեբյուտի 2025 թվականին:
Դրա հետ միաժամանակ շուկա կհանվեն «կանաչ» E-Pace-ը և F-Pace-ը: Գործնականում Jaguar-ն ամբողջությամբ էլեկտրական պետք է դառնա մինչև 2026 թվականը: Այդ ժամանակ բրիտանական մակնիշի շարքում ներքին այրման շարժիչով միակ ավտոմեքենան կլինի ֆլագմանական J-Pace քրոսովերը: Առաջին էլեկտրական Jaguar-ը՝ I-Pace-քրոսովերը, գարնանը դեբյուտել է Ժնևի ավտոսալոնում: Ամենագնացը հանդերձված է երկու 200-ուժանոց էլեկտրաշարժիչով և 90 կիլովատտ-ժամ տարողունակությամբ լիթիումա-իոնային կուտակիչների բլոկով: Էլեկտրական քրոսովերի առավելագույն արագությունը կազմում է ժամում 200 կիլոմետր: