Պոլսահայ սյունակագիր Ալին Օզինյանը լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի մահից հետո անդրադարձել է նրա դեմ ուղղված մի շարք քննադատություններին և իր՝ «Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գյուլերյանին» հոդվածում խոսել Թուրքիայի հայերի՝ հաճախ լռեցված դժվարությունների մասին:
Ինչպես փոխանցում է Ստամբուլում հրապարակվող պարբերականներից «ՀայԹերթը», Օզինյանը հատկապես դիմել է այն անձանց, որոնք սուր քննադատության էին ենթարկել Գյուլերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին լուսանկարելու համար:
«Ամեն հայից մի սպասեք, որ թաղապետարան կանչվելուց ու «Զգույշ կլինես» սպառնալիքը ստանալուց հետո, շարունակեր գրել, խոսել, հանուն խաղաղության ինքն իր կյանքը վտանգեր, ինչպես Հրանտ Դինքը: Հրանտ Դինքի սպանության հետ կապված խայտառակ դատավարությունից հետո մանավանդ բնավ մի սպասեք նման բան», – գրում է հեղինակը՝ հաջորդիվ փորձելով նկարագրել այն բոլոր վտանգներն ու զրկանքները, որոնցով ստիպված են լինում անցնել Թուրքիայի հայերը գրեթե ծննդյան օրից սկսած:
«7 տարեկանից սկսած իրենց համայնքային դպրոցներում պետության կողմից նշանակված հատուկ հսկիչների հայացքների, նրանց վերահսկողության ու անգամ «Բոլորդ հայի ծնունդներ եք» խոսքերի նորքո հասարակական կյանք սկսած հայերը… Հայեր, որոնք ապրում են ու տարօրինակ կերպով սիրում են մի երկիր, որի իշխանությունները նրանց միշտ որպես սպառնալիք են ընկալել: Հայեր, որոնք ձախակողմյան քաղաքական հայացքների համար ձերբակալվելիս, ի տարբերություն մյուս ընկերների, մեկի փոխարեն երկու անգամ էին «ծեծ ուտում»: «Քիչ է հայ է, դեռ մի բան էլ ձախակողմյան է դարձել» բառերով սկսվող հայհոյանքներ լսող հայեր…»,- շարունակում է Օզինյանը:
Հեղինակը քննադատել է թուրք, քուրդ և այլազգի ընդդիամադիր քաղաքացիներին, որոնք Արա Գյուլերի կողմից Էրդողանի տուն գնալն ու նրան լուսանկարելն ամոթալի էին համարում: Ըստ Օզինյանի՝ քննադատողները հաճախ տեղյակ էլ չեն, թե ինչ են ստիպված լինում վերապրել հայերը Թուրքիայում և սովորաբար չեն արձագանքում միայն հայերին վերաբերող խնդիրներին: Ավելին՝ հաճախ ծանոթ չեն հայկական համայնքի ոչ՛ խնդիրներին, ո՛չ էլ ձեռքբերումներին:
«Առաջին թերթը, որտեղ աշխատել է Արա Գյուլերը, եղել է ստամբուլյան «Ժամանակը»: Իսկ դուք գիտե՞ք Ստամբուլում քանի հայկական թերթ կա: Լավ, իսկ Ստամբուլի հայկական թաղամասե՞րը: Ոչինչ, մի իմացեք, չէ՞ որ, երբ դուք տեղյակ չեք հայերից, դա առանձնապես մեծ խնդիր չի դառնում», – գրում է սյունակագիրը՝ ընդգծելով, որ թեև շատերը շեշտում են, որ Էրդողանը հայերի հանդեպ վիրավորական արտահայտություն է օգտագործել, շատերը նաև մոռանում են, որ հայերի հասցեին այդ երկրում հայհոյում են տասնյակ տարիներ շարունակ՝ խանութպանից մինչև սովորական անցորդ, իսկ ոմանք անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց շրջապատող մզկիթներից շատերը հայ ճարտարապետների ձեռքի գործն են:
«Արա Գյուլերը մահացավ իր իսկական հայրական ազգանունն այդպես էլ չօգտագործած: Ըստ իս՝ իրական ողբերգությունը դա է, ոչ թե Էրդողանին նկարելը»,- եզրափակել է սյունակագիրը: