Արտոս լեռ. armgeo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտոս լեռ. armgeo.am

Արտոս լեռը` գտնվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգում: Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Գյավաշ բնակավայրը (նախկին Ոստան), Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:

Առասպելներ

Ասում են` Տավրոսի եղջյուրներից մեկը Արտոսն է, մյուսը Առնոսը: Ասում են նաև` երբ նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը` նահապետն արտասվում է, և դրա համար լեռը կոչվում է Արտոս:

Արտոսի լանջերին է գտնվում Չարահան Ս. Նշան վանքը, որտեղ ամփոփված է Եղիշե մատենագրի նշխարները: Ավանդության համաձայն՝ Եղիշեն Արտոս լեռան վրա ճգնելիս վախճանվում է, և հովիվները նրա մարմինը լեռան լանջին են թաղում, իսկ գլուխը տանում են Մոքս և թաղում Ս. Զորավանքում:

Շահպաղի կարմիր ավետարանը

Արտոսի մոտ մի գյուղ կար Շահպաղ անունով: Օրերից մի օր շահպաղցի մի աղջիկ երազում տեսնում է կարմրազգեստ մի կին, որը կարմիր ձիու վրա նստած, շիկակարմիր ճիպոտը ձեռքին մոտենում է աղջկան և մատնացույց անելով Արտոս լեռան ստորոտը ասում է, որ այնտեղ ավետարան կա պահված:

Կարմիր հուրին պատվիրում է աղջկան հանել ավետարանը և սերնդեսերունդ փոխանցելով պահել այն իրենց տանը:

Աղջկա եղբայրը գնում է Արտոսի ստորոտ ավետարանը որոնելու: Այնտեղ ավերակ տուն է գտնում, տան անկյունում տեսնում է կարմիր աքաղաղ որը մեն-մենակ, առանց հավերի, բարձրաձայն կանչելով քուջուջ է անում:

Տղան սա համարում է աստվածային նախանշան և փորում է աքաղաղի քուջուջ արած տեղը: Կարմիր կճուճի մեջ գտնում է մագաղաթյա մի ավետարան: Ավետարանը բերում և պահում է իրենց տան կարմիր ակղի մեջ և ավետարանի դեմը ձիթե կանթեղ է վառում: Այդ օրվանից նրանց տունը դառնում է ուխտատեղի՝ զորավոր Կարմիր ավետարանի ուխտատեղին:

Որոշ ժամանակ անց, վանի առաջնորդը Ավետարանը տեղափոխում է Վանի Ս. Նշան եկեղեցի:  Շահպաղցիներին դուր չի գալիս այս արարքը և նրանց բողոքով Կարմիր Ավետարանը կրկին տեղափոխվում է իրենց գյուղ, սակայն այս անգամ դրվում է գյուղի եկեղեցու մեջ:

1915-ին Շահպաղի հայերը մասնակցել են Վանի ինքնապաշտպանական կռիվներին և ստիպված գաղթել են դեպի Արևելյան Հայաստան, սակայն մեծ մասը ճամփին զոհվել է…

armgeo.am