Ֆրանսիացի կինոդերասանուհի Կատրին Դենյովն իր հագուստները, որոնք նրա համար ստեղծվել են ֆրանսիացի կուտյուրիա Իվ Սեն-Լորանի (1936-2008 թթ.) կողմից, պատրաստվում է Christie՚s-ի աճուրդներում վաճառել հաջորդ տարվա հունվարի վերջին: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Agence France-Presse-ը (AFP):
«Այսօր ես առանց տխրության չեմ բաժանվում Նորմանդիայում գտնվող իմ տնից, որտեղ պահվել է այս զգեստապահարանը,-գործակալությունը մեջբերում է դերասանուհու խոսքը,- Դրանք այնպիսի տաղանդավոր մարդու ստեղծագործություններ են, որն արարել է լոկ հանուն այն բանի, որ կանանց ավելի գեղեցիկ դարձնի»:
AFP-ի տեղեկատվությամբ, աճուրդը, որտեղ կներկայացվի շուրջ 300 լոտ, ժամանակի առումով կհամընկնի Փարիզում կազմակերպվող Նորաձևության շաբաթի հետ: Նշվում է, որ առաջին խմբաքանակը՝ մոտավորապես 150 լոտ, մինչև վերջին նմուշը վաճառվելու է Christie՚s-ի փարիզյան սրահներում, իսկ երկրորդը կդրվի առցանց-աճուրդի:
Le Parisien թերթը հայտնում է, որ Կատրին Դենյովի 20-ամյակը դեռ նոր էր լրացել, երբ նա առաջին անգամ ծանոթացավ Իվ Սեն Լորանի հետ: Այդ ժամանակվանից, ավելի քան 40 տարի, դերասանուհին եղել է դիզայների մուսան ու ընկերը: