Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը.
«Չեմ թաքցնելու՝ Ֆբ-ում այսքան խորը ու կարևոր բան երբեք չեմ գրել: Եթե չեք ալարում, անպայման կարդացեք:
Բացի այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը շատ բաց պետական գործիչ է, վերջին ամիսներին նրա ընդդիմախոսները մի քանի անգամ ստիպեցին փակագծեր բացել Արցախյան խնդրով նախկին բանակցային գործընթացից ու իր ստացած ժառանգությունից: Հերթականը երեկ էր:
Ու ամեն ինչ դեռևս պտտվում է Լավրովյան պլանի շուրջ, որը ուղղակի խայտառակ մուտացիայի է ենթարկել ու մոդիֆիկացրել է Կազանյան փաստաթուղթը, իսկ վերջինս էլ մոդիֆիկացրել ու մուտացիայի էր ենթարկել Մադրիդյան առաջարկները: Արդյունքում Մադրիդյան առաջարկներից Մ տառն էր մնացել:
Ու բոլորը՝ նախկին ՀՀԿ-ականներից մինչև միջնորդ երկրների բարձրատիճան դիվանագետներ, գիտեն, որ այդ պլանը եղել է: Բոլորը նաև գիտեն, որ այն անպաշտոն ու անկարգավիճակ փաստաթուղթ է՝ համաձայնեցված չէր Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների միջև, ու որպես Մադրիդյանի մուտացիա, հեռացել էր մի շարք չգրված պայմանավորվածություններից. այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի համապարփակ, այսինքն՝ կարգավիճակի հարցն էլ պետք է փաթեթային սկզբունքով քաղաքական համաձայնությամբ լուծվի, միջազգային խաղաղապահների կազմը և այսպես շարունակ, որն նույնպես մուտացվել էր ռուս/ՀԱՊԿ-յան խաղապահների…. Մինչդեռ Լավրովի պլանում այդ երկուսը բացարձակ խախտված են եղել:
Վերը նշված անձանցից բոլորը գիտեն, որ այն, ինչպես նշեցի, եղել է անկարգավիճակ, ստվերային առաջարկ՝ թղթի վրա արված գրառումներով, որոնք Լավրովը ծոցագրպանը դրած Բաքվից Երևան է տարել բերել /ուշադիր կարդացեք Աշոտյանի հարցը/:
Այժմ, թե՛ արտաքին դերակատարներին, թե՛ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ ՀՀԿ-ին, հետաքրքրում է՝ Փաշինյանը շարունակելո՞ւ է այդ գործընթացը ընտրություններից հետո, որը կանգ էր առել Ապրիլյան պատերազմից հետո: Դրա մասին էր ԱՄՆ հեռացող դեսպան Միլզի շուրթերով, ապա՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի շուրթերով ԱՄՆ հետախուզումը, որը իրականացվեց “սադրինչ, խոսք քաշող” տեխնոլոգիայի միջոցով: Դրա մասին են եղել ՌԴ ԱԳ նախարարի (այդ թվում՝ երեկվա հայտարարությունը) ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ուղերձներն առ Ադրբեջան ու Հայաստան, թե խնդրին հնարավոր կլինի լրջորեն անդրադառնալ Հայաստանում իշխանության վերջնական փոխանցումից ու ԱԺ ընտրություններից հետո:
Փաշինյանի մեծ լեգիտիմությունը, իհարկե, վահան է նրա համար պաշտպանվելու անցանկալի զարգացումներից: Ասվել է՝ Հայաստանի, Արցախի ժողովուրդը պետք է որոշեն, անգամ՝ հայությունը: Բայց միայն պաշտպանվելը քիչ է, եթե չասեմ վտանգավոր է:
Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը պետք է, պատկերավոր ասած, կառուցված լինի ռազմական գիտության մեջ հայտնի երկու կոնցեպտների՝ ռազմավարական խորքի ու ռազմավարական պաշտպանության խառնուրդի վրա: Առաջինը թույլ է տալիս կառավարել ու մեծ պահել վտանգների ու առանցքային արժեքների միջև հեռավորությունը, պատկերավոր ասած՝ թույլ չտալ, որ պատերազմը մոտենա Արցախին ու Հայաստանին, երկրորդը թույլ է տալիս պաշտպանության մեջ զսպել հակառակորդին, ապա անցնել հակահարձակման:
Ինչու եմ կարևորում արտաքին քաղաքականության հենքում երկու կոնցեպտերի գրագետ համակցումը, որովհետև սուտ կլինի պատկերացնել, թե միանգամից ռելսերը փոխելն ու հակահարձակման անցնելը իրատեսական է: Անցումը պետք,նախընտրելի է ու հնարավոր է միայն սահուն: Փաշինյանն այս պահին իհարկե կարող է իրեն թույլ տալ կտրուկ հրաժարվել նախկին շատ էլեմենտներից, բայց միանգամից չի կարողանալու ետ շրջել մուտացված կարգավորման տարբերակները, իսկ ավելի ստույգ՝ հակամարտության մուտացված ֆրեյմինգը՝ շրջանակը:
Ցավոք, այո, այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը օբյեկտիվ գտնվում է ստրատեգիական պաշտպանության, անգամ ետնահանջի դիրքերում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով. օբյեկտիվ՝ այն պատճառով, որ ստատուս քվոյի/ներկայիս վիճակի պահպանությունը հայկական կողմերի համար նույնպես ընդունելի տարբերակներից մեկն է, սուբյեկտիվ՝ այն առումով, որ նախկին իշխանությունների կողմից մի շարք ետնահանջներ են եղել՝ ի դեմս տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին համաձայնելու կամ նույն Արցախին բանակցային գործընթացից հեռացնելու և այսպես շարունակ:
Հետևաբար, և՛ պատերազմում, և՛ քաղաքականության մեջ նահանջող-պաշտպանական վիճակը չի կարող միանգամից վերածվել հարձակողականի: Դրա համար և՛ ժամանակ է պետք, և՛ արտաքին քաղաքականությանը սպասարկող բոլոր համակարգերի սինխրոն ու սիներգիկ գործողությունների նախապատրաստում: Այդ համատեքստում է հենց անհրաժեշտություն դառնում ռազմավարական խորքի կոնցեպցիայի փիլիսոփայության միախառնումը՝ պատերազմի վտանգը մինիմիզացնելու համար:
Եւ ահա այս ամենի համար էլ առանցքային է դառնում այս խորհրդարանական ընտրությունների ու ապագա խորհրդարանի ու իշխանության որակը.
ա) կարողանալո՞ւ է թիմը բավական արագ մշակել այդ հայեցակարգը, որը տրանսֆորմացնում է կարգավորման նախկին տարբերակները հօգուտ հայկական հայտնի շահերի ու ցանկալի դիրքերի՝ վերոնշյալ վտանգները չեզոքացնելով, իսկ հետագայում վերածվի արտաքին քաղաքականության մեջ հարձակման հարթակի,
բ) այն ունենալո՞ւ է դրա հետ սինխրոն գործող խորհրդարանական դիվանագիտություն, երբ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կարվի այն, ինչը այս պահին կամ ընդհանրապես չի կարող անել գործադիրը,
գ) ո՞վ, ո՞ր ուժն է լինելու անվտանգային հարցերով/արցախյան խնդրով Իմ քայլի ընդդիմությունը. այն փոխզիջումային կամ ոչ միզիջումային մոտեցմամբ բացելո՞ւ է թե ուժեղացնելու է իշխանության թիկունքը, նրան ստիպելո՞ւ է գնալ ավելի շատ փոխզիջումների, թե՞ ստիպելու է գնալ առավել կարծրացման, (հանկարծ չկարծեք, թե դրանցից մեկը լավն է, մյուսը վատը. դրանք առանձին վերցրած գնահատման ենթակա չեն, այլ դրանց էֆեկտիվությունը կարող է միայն քննարկվել հակառակորդի ու այլ դերակատարների ռազմավարությունների հետ փոխհամակցված ու մեկ մատրիցայում; դրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը գնահատման առարկա է այն համատեքստում, թե ո՞րը և ինչո՞ւ է նպատակահարմար այս կամ այն տակտիկական կամ ռազմավարական խնդիրը լուծելու համար, այդպես արել է Ադրբեջանը, որ հասել է այստեղ),
դ) ինչպե՞ս են կառավարվելու հանրային տրամադրությունները՝ կրկին նախորդ կետում բերված մարտավարական ու ռազմավարական խնդիրները լուծելիս:
ե) ինչպե՞ս է արվելու ողջ գործընթացի ու նրա տարբեր օղակների, շղթաների դիզայնը, պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը, վերահսկումը
Ու այս երկարուբարակ շարադրանքը, առաջ քաշված հարցերը դեռ ամբողջը չեն…. Սա դեռ միայն Ղարաբաղյան խնդրի մասին է, մինչդեռ դա մեր միակ խնդիրը չէ…. Ժամանակը քիչ է, կարճ է, չմտածված էքսպերիմենտները, հապաղկոտությունը, անփորձառությունը, մեգագործընթացները ձախողելը (ցավոք այդպիսին էր հին ընտրակարգով ընտրությունների գնալը) կարող են թանկ նստել բոլորիս վրա:
Հ.Գ. Գրում եմ, ու գիտեմ, որ այն, միևնույնն է, շատերին հետաքրքիր չի լինելու: Ասա, այ Ստեփան ջան, գնա քնի, երկու օրից Բրյուսել ու Փարիզ ես գնալու, մեկ է, այսպիսի բաների, աշխատանքի ու փորձառության կարիք չի եղել քո երկրում… Գնա քո միջավայրը, որտեղ գոնե նույն բարձր բաներից են խոսում»: