ՀԱՊԿ քարտուղարի թեկնածության թնջուկը՝ շահերի բախման արդյունք
Advertisement 1000 x 90

ՀԱՊԿ քարտուղարի թեկնածության թնջուկը՝ շահերի բախման արդյունք

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ 6 երկրների ղեկավարները ստորագրեցին կառույցի գործունեությանը վերաբերող շուրջ 16 փաստաթուղթ: Եթե փաստաթղթերի հարցում կողմերը կարողացան գալ կոնսենսունսի, ապա գագաթնաժողովի օրակարգի առանցքային հարցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի շուրջ կարծիքները բաժանվեցին:

ՀԱՊԿ-ում 2015թ.-ից գործում է գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն համակարգը՝ 3 տարի ժամկետով՝ ըստ այբբենական հերթականության: Այս սկզբունքով 2016թ. մայիսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովը: Սակայն Խաչատուրովի նկատմամբ սկսված դատական գործընթացի հետ կապված՝ հայկական կողմը նախաձեռնեց նրա փոփոխության գործընթաց: Սակայն, քանի որ կառույցի կանոնադրական մարմինների  գործունեության իրավական կարգավորումները չեն սահմանում ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմ, հայկական կողմը սկսեց Խաչատուրովի փոխարինման գործընթաց՝ ակտիվ խորհրդակցություններ նախաձեռնելով կառույցի մյուս անդամ երկրների հետ:  Իրավական առումով իրավիճակը խնդրահարույց է: ՀԱԿՊ կանոնադրական մարմինների գործունեության իրավական կարգավորումներում որևէ կերպ հստակեցված չէ՝ քարտուղարին վաղաժամ պաշտոնից ազատելու դեպքում այդ պաշտոնի քվոտան մնում է նույն երկրին, թե անցնում է հաջորդին՝ ըստ այբբենական հերթականության: Ստեղծված իրավիճակում բնական է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել քվոտան՝ Յ. Խաչատուրովին փոխարինելով Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով, որի հավանական թեկնածու է դիտարկվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Սակայն ՀԱԿՊ անդամ որոշ երկրներ այլ մոտեցում որդեգրեցին և գտնում են, որ գլխավոր քարտուղարի վաղաժամ ազատումից հետո քվոտան ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին: Ավելին՝ արդեն շրջանառվում է հնարավոր թեկնածուի անունը՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, ով որոշակի կապեր ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հետ:

Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ-ի իրավական նորմերում առկա բացերը ստեղծել են մի իրավիճակ, երբ խնդրի կարգավորումը դարձել է անդամ երկրների քաղաքական շահերի բախման առարկա: Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն իրենից ներկայացնում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր անդամ երկրի ռազմաքաղաքական հարաբերություններն ամբողջացնող մի պրոյեկցիա, որտեղ տարբեր խնդիրների հետ կապված անդամ երկրները շահերը շատ հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլև երբեմն անգամ հակադրվում են: Հայաստանի կողմից բազմիցս բարձրաձայնվել է ռազմաքաղաքական այդ կառույցի ներսում քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրների մասին: Արդյունավետության պակասը դրսևորվում է թե՛ տարբեր խնդիրների շուրջ անդամ երկրների դիրքորոշումներում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում քվեարկությունների ժամանակ: Այս համատեքստում ակնհայտ է նաև ՀԱՊԿ որոշ անդամների, օրինակ՝ Ղազախստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի հետ իրականացվող սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և ռազմական ոլորտում:  Անշուշտ, այս ամենն առաջացնում է հարցեր, և ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը ևս պետք է դիտարկել շահերի բախման այդ համատեքստում: Հայկական կողմը հանդես է գալիս այն մոտեցմամբ, որ Հայաստանի քաղաքացին պետք է շարունակի Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը մինչև 2020թ: Բելառուսը և Ղազախստանը հանդես են գալիս քվոտան Բելառուսի ներկայացուցչին փոխանցելու օգտին: Ղրղստանի և Տաջիկստանի դիրքորոշման մասով հստակություն չկա, այնուամենայնիվ, միանշանակ է, որ նրանք ևս ունեն իրեն մոտեցումները, որոնց մասին կարելի է ենթադրել՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային շահերը: Ինչ վերաբերում է կառույցի առանցքային անդամին՝ Ռուսաստանին, ապա, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը առաջ է քաշել այսպես կոչված կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկելով քարտուղարի պաշտոնակատար նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ գեներալ Վալերի Սեմերնիկովին: Մոտեցումների նման բազմազանության և կողմերից յուրաքանչյուրի սկզբունքայնության պատճառով էլ Աստանայում մի քանի ժամ տևած թեժ քննարկումներում հնարավոր չեղավ հասնել փոխհամաձայնության և խնդիրը տեղափոխվեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման օրակարգ:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀԱՊԿ հաջորդ քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված թնջուկն, ըստ էության, վկայում է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական միավոր դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու, այդ թվում՝ կատարելագործելով իր իրավական կարգավորմները: Միևնույն ժամանակ որոշման ընդունման հետաձգումը վկայում է, որ անկախ առանձին երկրների կողմից գործադրված ճնշումներից՝ հայկական կողմը հեշտությամբ չի զիջել իր դիրքերը՝ պաշտպանելով իր շահերը: Անկախ պետերբուրգյան հանդիպման արդյունքից՝ բավական կարևոր է, որ խնդիրը չդառնա հնարավոր քաղաքական մանիպուլյացիաների առարկա, քանզի նմանատիպ շահարկումները կարող են ստվերել թե՛ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, թե՛ հայ-ռուսական հարաբերությունները:

Նարեկ Մինասյան



Նման նյութեր