Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Բելառուս լայնորեն մեկնաբանվում է և ռուսական, և բելառուսական, և հատկապես ադրբեջանական մամուլի կողմից։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլում մեկնաբանողների շարքում բավական ակտիվ են ռուս փորձագետները։ Հերթականը Սերգեյ Մարկովն է, ում հայաստանյան հասարակությունը ճանաչում է, թերևս, որպես ոչ այնքան հայանպաստ գործչի կամ փորձագետի։ Ու թեև պաշտոնապես այս մեկնաբանությունները պաշտոնական դիրքորոշում չեն հայտնում, սակայն կարևոր են հասկանալու համար տրամադրությունները և մոտավոր կերպով գոնե հասկանալու համար Բաքու-Մոսկվա կամ Բաքու-Մինսկ ուղղություններով փոխանակվող մեսիջները։
Եվ այսպես, ռուս փորձագետ Սերգեյ Մարկովը, ով հանդիսանում է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, կարծում է, որ Իլհամ Ալիևի այցը Բելառուս տեղի ունեցավ հայ-բելառուսական և հայ-ռուսական հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։ Այս մասին նա ասել է «Москва-Баку» կայքի հետ զրույցի ընթացքում։ Ընդ որում, ըստ փորձագետի, հարաբերությունների այդ վատթարացումը հայկական նոր ղեկավարության մեղքով է, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխգործակցել ԵՄ-ի հետ ի վնաս Ռուսաստանի և Բելառուսի շահերի։
«Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ակվիտորեն «խաղեր է տալիս» ԵՄ և ամերիկացիների հետ»,- մասնավորապես ասել է Մարկովը։Անդրադառնալով Երևանի և Մինսկի միջև եղած ներկայիս առճակատմանը, որը գոնե այդպիսի տպավորություն է թողնում, Մարկովը ասել է, թե իրականում դա ոչ թե Երևանի ու Մինսկի առճակատումն է, այլ Երևանի և Մոսկվայի։ «Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն հատուկ ոճով ասում է այն, ինչի մասին մտածում են Մոսկվայում։ Եվ դա Նիկոլ Փաշինյանին խիստ նյարդայնացնում է։ Նյարդայնացնում է Փաշինյանին նաև այն, որ և Բելառուսը, և Ռուսաստանը ունեն շատ լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ»,- նկատել է ռուս քաղաքագետը։
Մեկնաբանելով Ալիև-Լուկաշենկո հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահի այն միտքը, թե բելառուսա-ադրբեջանական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրի դեմ, և իրենք չունեն ու չեն ունենալու երբեք փակ կամ գաղտնի թեմաներ, Սերգեյ Մարկովը նշել է, որ սա Ալիևի ու Լուկաշենկոյի պատասխանն է Հայաստանին։
«Այստեղ ուղերձն այն է, որ և Բելառուսը, և Ադրբեջանը Հայաստանի դեմ չեն։ Սա դիվանագիտական պատասխան էր։ Սակայն այսպես թե այնպես Հայաստանի հետ հարաբերություններում նեգատիվն առկա է, ինչը պայմանավորված է Հայաստանի նոր ղեկավարության աշխարհաքաղաքական կոպիտ սխալներով»։ Չափազանց հետաքրքիր է ռուս քաղաքագետի անդրադարձը ՀԱՊԿ հետ Բաքվի համագործակցության ցանկության հետ կապված։ Այստեղ փորձագետ Մարկովը կարծում է, որ Բաքուն լավ է հասկանում աշխարհաքաղաքական մթնոլորտը և փորձում է ամրացնել իր դիրքերը նաև ՀԱՊԿ հետ գործակցության փափուկ ձև որոնելով, որպիսին կարող է լինել ասենք գործընկեր պետության կարգավիճակը։
«Բելառուսը ուրախ կլիներ, որ Ադրբեջանը նման կարգավիճակ ստանար։ Սակայն խնդիրը այն է, որ Հայաստանը ոչ միայն արգելափակում է այդ հնարավորությունը, այլ նաև արգելափակում է ՀԱՊԿ կանոնադրության ցանկացած փոփոխություն, որը կարող էր նման ելքի հանգեցնել և Բաքվի համար նման կարգավիճակը դարձներ հասանելի»։ Նման կեցվածքը մասնագետը որակել է ոչ կառուցողական։