ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել էլեկտրամոբիլների ներմուծումը մինչև 2022թ. հունվարի 1-ն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։
Ակնկալվում է, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։
Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված այս նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդների) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն ասել է, որ 2017թ. հոկտեմբերի 1 դրությամբ Հայաստան է ներկրվել է 28 էլեկտրամոբիլ, 2018թ.՝ 33։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ կառավարությունն այս որոշմամբ «ուղերձ է հղում, որ էլեկտրական մեքենաների ներկրումն ավելանա»։