Հայաստանը «բրենդավորելու» ժամանակը. Արման Բաբաջանյան
Advertisement 1000 x 90

Հայաստանը «բրենդավորելու» ժամանակը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տնտեսության համաչափ զարգացման, առավել ևս՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար Հայաստանին անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ։ Առանց այդ ներդրումների ցանկացած նպատակ կմնա սոսկ որպես բարի ցանկություն։ Իր հերթին օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ է, որպեսզի այլազգի գործարարը, ներդրողը հստակ պատկերացում ունենա՝ ինչպիսի երկրի հետ գործ ունի, որտեղ է պատրաստվում ներդնել իր գումարները։ Այլ խոսքով՝ չափազանց կարևոր է, թե ինչ յուրահատկությամբ կամ ինչ ապրանքանիշով՝ բրենդով է Հայաստանը ներկայանում կամ ներկայանալու աշխարհին։ Դա մի կողմից՝ ցույց կտա, թե ինչ է սպասվում օտարերկրյա ներդրողին մեր երկրում, մյուս կողմից՝ կուղենշի, թե մրցակցության ու մրցունակության ինչ տարբերիչ կողմեր ունի Հայաստանը։ Այս հարցը օրակարգում եղել է տարիներ, տասնամյակներ շարունակ։ Ջերմուկ, կոնյակ, ծիրան… տարբեր փուլերում այս և այլ ապրանքներ փորձ է արվել դարձնել որպես Հայաստանի բրենդ։ Գրեթե բոլոր փորձերը դատապարտվել են անհաջողության, քանի որ դրանցով հնարավոր չի եղել Հայաստանը գրավիչ դարձնել աշխարհի համար։

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փորձեց հեղափոխությունը ներկայացնել որպես Հայաստանի բրենդ՝ մասամբ նաև ելնելով նրանից, որ հեղափոխության միջոցով Հայաստանը հայտնվել էր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սակայն հեղափոխությունը չէր կարող դառնալ և չդարձավ Հայաստանի ապրանքանիշ, քանի որ այն որքան էլ հետաքրքիր էր որպես քաղաքական իրադարձություն, այդուհանդերձ բավարար չէր տնտեսական հետաքրքրություն առաջացնելու համար։ Այսպիսով, մենք դեռևս չունենք այն ապրանքանիշը, այն կռվանը, որով օտարերկրյա բիզնեսին ու կապիտալին կարող ենք հրապուրել դեպի Հայաստան։

Զուգահեռաբար մենք չունենք նաև այն ապրանքը կամ ապրանքները, որոնք կարող ենք ներկայացնել որպես Հայաստանի յուրահատկության արտահայտություն։ Այո, կան մի շարք գործոններ, որոնք Հայաստանը որոշ չափով կարող են գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար։ Դրանցից են, օրինակ, էժան աշխատուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածքը, զբոսաշրջությունը և այլն։ Որոշ չափով գրավիչ լինելով՝ այդուհանդերձ, այդ գործոնները ևս բավարար չեն Հայաստանը հրապուրիչ վայր դարձնելու համար։ Չմոռանանք նաև, որ համանման գործոններով մենք ունենք այնպիսի մրցակից, ինչպիսին Չինաստանն է։

Հայաստանի բրենդինգը չափազանց կարևոր ու արդիական հիմնախնդիր է։ Դրանով պետք է զբաղվի առաջին հերթին գործադիր իշխանությունը, սակայն այդ գործում պետք է ներդրում ունենանք բոլորս՝ գաղափարներով, քննարկումներով, առաջարկություններով։ Հայաստանի բրենդինգի հարցը պետք է դարձնել հանրային դիսկուրսի մաս և, ներգրավելով բոլոր շահառու ու շահագրգիռ կողմերին, պետք է գտնել արդյունավետ լուծումներ։ Իրականում Հայաստանն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, միայն իրեն բնորոշ գծեր, որոնք պետք է ճիշտ և աշխարհին հասկանալի լեզվով ներկայացնել աշխարհին։



Նման նյութեր