Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«Երբ Մարտիրոս Սարյանին ասում են, որ վրձնի Ստալինի պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին, պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ պետական գործիչների ու մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին` որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն մեկը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Դա բանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարն էր (1923):
ՍԱՐՅԱՆԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանիշ… Ո՞վ գիտե… Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում․․․
Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով` մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել, վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:
– Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի․․․
Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե` «լա՛վն է, չէ՞, մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ,- իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:
– Վա՛ղը, հենց վա՛ղը։ Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:
Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ-ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել. չի ստացվում: Նայում եմ դեմքին. ինքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
– Ինչո՞ւ,- հարցնում է զարմացած:
– Չգիտեմ, վաղը կգամ:
Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս` մտածելով` տեսնես փորձն արդյունք տվել է: Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան:
Տարածված հայկական տիպաժ է. մազերը` սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը` հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը՝ ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում:
Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը։ Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա…
Դիմանակարը դուր եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:
– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես,- ասաց,- հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ․․․
Հաճախ, Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ են նշանակում դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով` կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին` Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին:
Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար»:
Վ.Մաթևոսյան, «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»»