
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղափոխված ղեկային տեղաբաշխմամբ մեքենաները Հայաստան ներմուծելու հետ կապված օրենսդրական որոշակի նախաձեռնության կարիք է տեսնում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում աջ ղեկով մեքենաների ներմուծումը որոշ ժամանակով թույլատրելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվել է, սակայն այսօր էլ կան մեքենաներ, որոնք նախկինում աջ ղեկով են եղել, սակայն ներմուծվում են Հայաստան: Մեր քաղաքացիներն այդ մեքենաները գնում են, տանում հարևան Վրաստան, այնտեղ ղեկային տեղաբաշխումը փոխում՝ դարձնելով ձախակողմյան, և շարունակում են ներկրել Հայաստան»-նկատեց Պապոյանը:
Նրա կարծիքով՝ արդյունքում այդ մեքենաները լուրջ խնդիր են առաջացնում: «Այստեղ տեխնիկական զննության հետ կապված կարևոր օրենսդրական լուծման կարիք ունենք: Կարծում եմ, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում տանք»,-եզրափակեց պատգամավորը: