Գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները, դիլերները դժգոհում են պետական տուրքի նախատեսվող բարձրացումից: Նրանք կարծում են, որ դրա արդյունքում անհամաչափ մրցակցություն կսկսվի իրենց ու բանկերի միջև, բացի այդ՝ իրենք զգալի կորուստներ կունենան:
Ներկայացուցիչները նման տեսակետ հայտնեցին մարտի 20-ին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած աշխատանքային քննարկմանը:
«Առաջարկվող փոփոխություններով վարկային կազմակերպություններից գանձվող պետական տուրքն առաջարկվում է 500 հազար դրամից դարձնել 3 մլն դրամ, վճարահաշվարկային ընկերություններից գանձվող տուրքը 250 հազար դրամից դարձնել 1 մլն դրամ: Իսկ վարկային բյուրոների տուրքը՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 1 մլն դրամ: Բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դառնալու է 7 մլն դրամ: Գրավատների պետական տուրքը 100 հազար դրամից բարձրանալու է 6 մլն դրամի, փոխանակման կետերինը՝ 50 հազար դրամից՝ 3 մլն դրամի, իսկ փոխանակման դիլերներից գանձվող պետական տուրքը 100 հազար դրամի փոխարեն դառնալու է 3 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանի կարծիքով՝ փոխանակման կետերի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելուց հետո դրանք չեն կարողանալու համարժեք մրցակցել բանկերի հետ: «Բանկի մասնաճյուղն ունի 15 և ավելի գործառույթներ և բոլոր գործառույթներից եկամուտ է ստանում: Սակայն առաջարկվող փոփոխություններով բանկի մասնաճյուղի պետական տուրքը սահմանվել է 350 հազար դրամ։ Իսկ փոխանակման կետը, որը բանկային գործառույթներից միայն մեկն է իրականացնում, վճարելու է 3 մլն դրամ տուրք: Հավասար մրցակցություն չի լինում»,-նշեց նա ու հավելեց՝ երկխոսության արդյունքում հնարավոր է համապատասխան չափ գտնել:
Գրավատներից մեկի ներկայացուցիչ Աշոտ Մխեյանը ներկայացրեց, որ իրենց գրավատան պորտֆելը համարվում է փոքր, առավելագույն 20 մլն դրամ է կազմում: Եվ այդ պարագայում 6 մլն դրամ լիցենզիայի գումարն աբսուրդային է համարում։ «Մենք գործում ենք Արարատի մարզում, այնտեղ վարկային գումարներն ավելի փոքր են, և չվճարողներն էլ՝ շատ: Եվ օրեր առաջ ԿԲ-ից ստացել ենք նամակ, որով տույժերի դրույքաչափը 0.3-ից դառնում է 0.13: Տույժերով հավելյալ եկամուտ էինք կարողանում ստանալ, դա ևս նվազեցնում է մեր եկամուտը»,-ասաց նա։
Գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանիկարծիքով՝ պետական տուրքի բարձրացումը մշակել են շատ անհամաչափ ու անարդար: Նրա կարծիքով՝ պետական տուրքը պարտադիր նպատակային վճար է՝ պետության կողմից որոշակի ծառայություններ ստանալու համար: «Այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե այդ ծառայությունների ինքնարժեքը որքան է բարձրացել, որ փոքր ընկերությունների տուրքը 60 անգամ ավելացել է»,- ասաց ներկայացուցիչը:
Նրա կարծիքով՝ նման բարձրացում անելուց առաջ պետք էր հանրային լսումներ կազմակերպել, շուկան ուսումնասիրել:
Պատգամավոր Հայկ Գևորգյանը նշեց, որ գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն անպայման կքննարկեն Ֆինանսների նախարարության, հնարավորության դեպքում նաև Կենտրոնական բանկի հետ՝ հասկանալու նրանց մոտեցումները:
Պետական տուրքի բարձրացումը նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքումփոփոխությունների նախագծով: