Քիմ Քարդաշյանի սննդակարգը կարող է բերել մաշկի քաղցկեղի առաջացման: Այս մասին հայտարարել է Մաշկի բրիտանական հիմնադրամի (British Skin Foundation) անդամ Էմմա Վեջվորթը:
Ռեալիթի շոուի աստղը նեխուրի հյութը քարոզում է որպես փսորիազի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը տառապում է այս հիվանդությամբ, որի պատճառով, իր իսկ խոստովանությամբ, ստիպված է քողարկել դեմքի և մարմնի մաշկի կարմրած հատվածները:
Վեջվորթը պնդում է, որ նեխուրի հյութն իրականում կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ, քանի որ մեծացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունությունը: Ինչպես հայտնի է, արեգակի ուղիղ ճառագայթները նույնպես դերակատարում ունեն մաշկի թառամելու և կնճիռների հայտնվելու գործում:
«Ես խորհուրդ չեմ տալիս փսոորիազի բուժման համար նեխուրի հյութ օգտագործել: Նեխուրը փսորալեններ է պարունակում, որոնք կարող են մեծացնել արեգակի UVA տիպի ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունությունը: Այսպիսով, եթե մեծ քանակությամբ նեխուրի հյութ խմեք, դրա հետ մեկտեղ արևի լոգանքներ ընդունեք, դա մաշկի վրա բացասաբար կանդրադառնա: Խոսքը վերաբերում է մաշկածածկույթի վաղաժամ ծերացմանը կամ մաշկի քաղցկեղի զարգացման մեծ հավանականությանը»,- նշում է փորձագետը: