Վրաստանը էլեկտրամոբիլների արտադրություն է սկսում. Մամուկա Բախտաձե
Advertisement 1000 x 90

Վրաստանը էլեկտրամոբիլների արտադրություն է սկսում. Մամուկա Բախտաձե

Քութաիսում էլեկտրամոբիլներ արտադրող գործարան կկառուցվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ էկո-ուղղությամբ աշխատող առաջին արդյունաբերական բիզնես-խմբի ներկայացման ժամանակ:

«Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տարածաշրջանում առաջինը, Վրաստանում սկսվում է էլեկտրամոբիլների արտադրությունը: Աշխարհի խոշորագույն էլեկտրամոբիլներ արտադրող Changan ընկերությունը, որի ռազմավարական գործընկերներն այնպիսի գիգանտներ են, ինչպիսիք են Volvo-ն, Volkswagen-ը և Ford-ը, որոշում է կայացրել, որ հենց Վրաստանում կկառուցվի էլեկտրամոբիլներ արտադրող գործարանը, իսկ 2020-ից մենք կկարողանանք դրանք մատակարարել շուկա: Մենք ընտրել ենք նաև քաղաքը, որը շատ մեծ արդյունաբերական փորձ ունի, քաղաք որը մեզանից յուրաքանչյուրը սիրում է:

Էլեկտրամոբիլների գործարանը կկառուցվի Քութաիսում»,- ասել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքերով, գործարանի թողունակությունը կկազմի 40.000 ավտոմեքենա, որից 50% -ն ակնկալվում է ներքին շուկայի համար, իսկ 20 հազարը՝ ԵՄ արտահանման:

«Սա մեծագույն հաջողություն է, Վրաստանում արտադրված «Made in Georgia» մակագրությամբ էլեկտրամոբիլները կդառնան Վրաստանից եվրոպական շուկա արտահանվող հիմնական արդյունքը: Այս գործարանում մենք կարտադրենք Վրաստանի բոլոր քաղաքացիների համար նախատեսված ավտոմեքենաների չորս մոդելներ, և մեր քաղաքացիները կկարողանան վաճառել իրենց հին մեքենաները և նոր էլեկտրական մեքենաներ գնել: Այն մատչելի կլինի բոլորի համար: Սա մեծ հաղթանակ է, և ես վստահ եմ, որ ապագայում նման հաղթանակներ շատ կլինեն», – ասել է Մամուկա Բախտաձեն:

1in.am