ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նախագահ Արմեն Սարգսյանի մրցանակներ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուհի Նարե Մարկոսյանին և պարող Րաֆֆի Գալստյանին:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Պարարվեստի պետական քոլեջում:
«Քոլեջում անցկացվել է մրցույթ, որի արդյունքում շահել են Նարեն ու Րաֆֆին: Մրցանակները նրանց հնարավորություն կտան այցելել Մոսկվայի մեծ թատրոն, այնտեղ դիտել բեմադրություններ, ներկա լինել փորձերին, ծանոթանալ պարողներին ու պարարվեստի գաղտնիքներին: Մեծ թատրոն այցելել երազում է ամեն պարող: Մենք որոշեցինք իրականացնել նրանց երազանքը»,-նշեց Նունե Սարգսյանը և հավելեց, որ քոլեջի փոքրիկ, երիտասարդ պարողները մեր դեսպաններն են ամբողջ աշխարհում:
Առաջին տիկինը շրջեց ՀՀ նախագահի ֆոնդից հատկացված գումարներով վերանորոգված քոլեջի երկու փորձասենյակում, դիտեց քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրված գեղեցիկ պարային համարներ:
«Քոլեջը վերանորոգման կարիք ուներ: Նախագահական ֆոնդից որոշ օգնություն տրվեց քոլեջին և նորոգվեց փորձասենյակների հատակը: Պարզվեց` դա մեծ նվեր էր ուսումնարանի համար»,-պատմեց Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ քոլեջը վաղեմի պատմություն ունի. այն հիմնադրվել է 1924 թվականին: «Այս տարի լրանում է քոլեջի 95-ամյակը: Այստեղ են սովորել Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Էլվիրա Ուզունյանը, Հովհաննես Դիվանյանն ու մեծ համբավ ունեցող այլ պարողներ: Ներկայումս համաշխարհային բալետային բեմերում մոտ հիսուն հայ երիտասարդ պարող կա: Քոլեջում հրաշալի պարողների սերունդներ են կրթվում: Բալետային արվեստից բացի դասավանդում են նաև հայկական ազգային պարեր, որոնք շատ գնահատված են մեր երկրում»,-եզրափակեց նախագահի տիկինը: