Բացառիկ լուսանկար. Արամ Խաչատրյանը՝ Բելգիայի թագուհի Եղիսաբեթի հետ
Լուսանկարի պատմությունը հետևյալն է. հայ մեծ կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել:
Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն հյուրընկալվել է Բրյուսելի թագավորական պալատում, որտեղ Խաչատրյանն ու թագուհին շատ ջերմ ու հետաքրքիր զրույց են ունեցել և լուսանկարվել: Եղիսաբեթ թագուհին մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթը:
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից