Հարցազրույց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ:
– Դուք հետազոտում եք խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը: 3 տարի զբաղվում եք այս վիրուսի դեմ հակավիրուսային միացություններ ուսումնասիրելով: Ի՞նչ առաջընթաց կա, արդյո՞ք համագործակցում եք Կառավարության հետ:
– Մենք վերջին մեկ տարվա մեջ տպագրել ենք երկու շատ կարևոր հոդված Antiviral Research հանդեսում, որը հակավիրուսային դեղամիջոցների հետազոտման թեմաներին նվիրված թիվ մեկ գիտական հանդեսն է աշխարհում: Մեր լաբորատորիան շատ փոքր է, ինձնից բացի, երեք այլ գիտաշխատող կա լաբորատորիայում: Բայց այս փոքր թիմով և ֆինանսական նման սուղ պայմաններում մենք ամենաբարձ կարգի հետազոտություններ ենք անում և տպագրվում մեր ոլորտի ամենահեղինակավոր միջազգային հանդեսում: Ինչպե՞ս:
Նախ, որովհետև համագործակցում ենք տեղացի և արտասահմանցի մեր գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս հարստացնել մեր հետազոտությունների բովանդակությունը: Օրինակ, մեր ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) գործող պրոֆեսոր Նազարյանի լաբորատորիայի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք հազարավոր քիմիական միացությունների միջից գտնել այն միացությունները, որոնք կարող են փոխազդել մեր վիրուսի որոշ թիրախային սպիտակուցների հետ: Համակարգչային կանխագուշակումից հետո այդ նյութերը փորձարկում ենք լաբորատոր պայմաններում: Նման մոտեցումը թույլ է տալիս կրճատել ժամանակը և խնայել մեծ գումարներ: Սա ամենաարդի մոտեցումներից մեկն է: Երկրորդ՝ մենք զբաղվում ենք բավական ակտուալ խնդրով. փորձում ենք գտնել հակավիրուսային միացություններ մի վիրուսի դեմ, որի համար չկա նույնիսկ պատվաստանյութ: Այսօր այդ վիրուսը հասել է Չինաստան, որն ամենամեծ խոզաբուծություն ունեցող երկիրն է: Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել նաև Արևմտյան Եվրոպայում, որը գրեթե 30 տարի համարվում էր այս հիվանդությունից ազատ գոտի:
Այս պահին մենք հայտնաբերել ենք ևս մեկ քիմիական միացություն, որը շատ խոստումնալից է: Հիմա հետազոտում ենք այդ միացությունը: Զուգահեռ ևս մի քանի ծրագրեր ենք սկսել, որոշների համար ունենք ունենք փոքր դրամաշնորհներ, որոշների համար՝ ոչ: Ավարտին ենք հասցրել մի հետաքրքիր հետազոտություն՝ կապված վիրուսների էվոլյուցիայի հետ: Շատ հետաքրքիր արդյունքներ ունենք այդտեղ: Ընդհանրապես, հիմա մեր լաբորատորիայում այնքան զուգահեռ հետազոտություններ են ընթանում, որ նույնիսկ աշխատող ձեռքերի և ուղեղների պակաս ունենք:
Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա անցած տարի աշնանը Գյուղատնտեսության նախարարն այցելեց մեր ինստիտուտ, մասնավորապես՝ մեր լաբորատորիա, և անձամբ ծանոթացավ մեր հետազոտություններին: Կարծում եմ՝ նախարարին հետաքրքրել էին մեր արդյունքները, իսկ կլինի՞ ավելի կոնկրետ համագործակցություն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Մենք պետք է ներկայացնեինք ծրագիր, սակայն առայժմ դա չենք արել, քանի որ սպասում ենք H2020 մրցույթի արդյունքների հրապարակմանը: Ազնիվ չէր լինի նույն ծրագիրը մի քանի տեղ ներկայացնել:
– Ի՞նչ վիճակում է այսօր մեր գիտությունը. առաջինը գումա՞ր է պետք, թե՞ լավ մասնագետներ:
– Ցանկացած տիպի գործունեություն պահանջում է որոշակի պայմանների առկայություն, առանց այդ պայմանների՝ հնարավոր չի լինի ունենալ լավ արդյունքներ: Գիտությունը ոչ մի բանով չի տարբերվում մյուս ոլորտներից: Լինի դա կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, թե պատմություն և լեզվաբանություն. եթե դուք զբաղվում եք գիտությամբ, ապա պետք է ունենաք աշխատանքային նորմալ պայմաններ: Այդ նորմալ պայմանները հենց այն միջավայրն է, որում գիտնականները ստեղծում են նոր գիտելիք, այն գիտելիքը, որի միջոցով ընդլայնվում են մեր պատկերացումները շրջակա աշխարհի մասին, առաջարկվում են եղած խնդիրների լուծումներ, ստեղծվում են մրցակցային տեխնոլոգիաներ, և այլն:
Եթե մենք չունենք այդ պայմանները՝ միջավայրը, ապա գիտությունից չպետք է սպասենք մեծ արդյունքներ և արդյունավետություն: Եվ այդ միջավայրը ստեղծելն առաջին հերթին կապված է ոչ թե մեծ ֆինանսների, այլ Հայաստանի զարգացման տեսլական ունենալու հետ: Եթե մենք հասկանում ենք, որ չկա գիտահեն տնտեսությանն այլընտրանք, ապա ամեն ինչ կանենք գիտության համար արգասաբեր միջավայր ստեղծելու համար, քանի որ դրանից կախված կլինի մեր երկրի, մեր հասարակության կենսունակությունը:
– Մարտի 25-30-ին Երևանում տեղի ունեցավ մարդու և կենդանիների ախտածինների գիտական դպրոցը: Այն առաջին անգա՞մ էր անցկացվում:
– Մեր դպրոցի հիմնական ֆինանսական աջակիցը Եվրոպայի կենսաքիմիական միությունների ֆեդերացիան էր (FEBS), որն արդեն երկրորդ անգամ ֆինանսավորում է մեր գիտական դպրոցը: Առաջինը ես և Սարգիս Աղայանը (Երևանի պետական համալսարան) կազմակերպել էինք 2016 թվականին: Քանի որ առաջին դպրոցը բավական հաջող էր, որոշեցինք երեք տարի անց կազմակերպել դրա շարունակությունը: Այս տարի նույնպես հրավիրված գիտնականների մեծ մասն արտերկրից էին, ունեինք գիտնականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և մի շարք այլ երկրներից: Առաջին երկու օրը նվիրված էր վիրուսներին, հետո մեկ ամբողջ օր՝ բակտերիաներին և էուկարիոտ մակաբույծներին, ինչպես, օրինակ՝ մալարիայի հարուցիչը: Մենք ի սկզբանե այնպես էինք կազմակերպել դպրոցը, որ իրարից շատ տարբեր մակաբույծների մասին լինեն գիտական զեկուցումները, որպեսզի գրանցված մասնակիցները հնարավորություն ունենան մաքսիմալ շատ մակաբույծների մասին հետաքրքիր զեկույցներ լսել: Ի դեպ, գրանցված մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին՝ ուսանողներ, ասպիրանտներ: Նույնիսկ արտասահմանից ունեինք երիտասարդ մասնակիցներ: Մենք նաև հնարավորություն տվեցինք մեր երիտասարդներին հանդես գալ պոստեր զեկույցներով, իսկ մի քանիսի ներկայացված աշխատանքներն ընտրվեցին նաև՝ որպես բանավոր զեկույցներ: Բացի հիմնական զեկույցներից, ունեինք նաև քննարկումներ երիտասարդ գիտնականների համար կարևոր թեմաների շուրջ, օրինակ՝ ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր, կամ ինչպես տպագրել հետազոտության արդյունքները լավ գիտական հանդեսներում: Մեր գիտնականները կիսվեցին իրենց մեծ փորձով ու խորհուրդներով: Կարծում եմ՝ դա շատ օգտակար էր:
Ընդհանրապես նման թեմայով դպրոց, սեմինարներ կամ գիտաժողով կազմակերպելը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք ախտածիններ ուսումնասիրող գիտնականների և լաբորատորիաների լուրջ պակաս ունենք: Այսօր Հայաստանում ընդամենը 3-4 լաբորատորիա է զբաղվում ախտածինների հետազոտություններով, իսկ սա նաև անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ մեր դպրոցի միջոցով մենք ոչ միայն կխրախուսենք երիտասարդներին զբաղվել նման հետազոտություններով, այլ նաև պատկան մարմինների ուշադրությունը կգրավենք այն փաստի վրա, որ մեզ պետք են նման լաբորատորիաներ, և որքան շատ, այդքան ավելի լավ:
Անի Կարապետյան