Աննա Հակոբյանի ոճը վերջին պաշտոնական այցերի ժամանակ. հայ դիզայների մեկնաբանությունը. shantnews.am
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի ոճը վերջին պաշտոնական այցերի ժամանակ. հայ դիզայների մեկնաբանությունը. shantnews.am

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք միջազգային այցեր կատարեց: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում վարչապետին ուղեկցել է նրա տիկին Աննա Հակոբյանը:

Չինաստան այցի ընթացքում Աննա Հակոբյանը նույնպես մի քանի հանդիպում ունեցավ, որոնց ընթացքում, ինչպես և ավելի վաղ տեղեկացրել էր, կրում էր հայ դիզայներների մոդելավորված զգեստները:

Այցի առաջին օրը՝ մայիսի 14-ին, Պեկինի «Շոուդու» օդանավակայանում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ Աննա Հակոբյանը կրում էր հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ:

Մայիսի 15-ին Աննա Հակոբյանը այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի` ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Այս հանդիպմանը վարչապետի տիկինը կրել է Anahit Baveyan բրենդի զգեստ:

Իսկ արդեն երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ միասին Աննա Հակոբյանը մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և նրա տիկնոջ կողմից ի պատիվ Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովի մասնակիցների համար տրված գալա ընթրիքին: Գալա ընթրիքին ներկա են գտնվել համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ այցելած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները, Կամբոջայի թագավորը:

Գալա ընթրիքին Աննա Հակոբյանը կրել է Taraz.am բրենդի զգեստ և «Սալի» բրենդի կոշիկներ:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը դեռևս ապրիլ ամսին պաշտոնապես հայտարարել էր, որ այսուհետ կրելու է բացառապես հայ դիզայներների մոդելավորած զգեստները:

«Այսուհետ, եթե այս կամ այն զգեստը ձեզ դուր չգա, գիտեք՝ որտեղ փնտրել մեղավորներին»,- այս լուրին կից իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը:

Դիզայներ Արամ Նիկոլյանի հետ SHANTNEWS.am-ը զրուցել է նորաձևության ոլորտին Աննա Հակոբյանի աջակցության մասին և թե որոնք են լինելու հայ դիզայներներին ոգևորելու ու աջակցելու հաջորդ քայլերը:

Աննա Հակոբյանն ու դիզայներ Արամ Նիկոլյանը

Նիկոլյանը նշեց` փաստը, որ նա որպես հայտնի և ազդեցություն ունեցող մարդ, որը կրում է հայ դիզայներների զգեստներ, շատ կարևոր է, բայց Հայաստանում նորաձևության ինդուստրիան զարգացնելու առումով միայն այդ քայլը գլոբալ փոփոխությունների չի կարող հանգեցնել:

Դիզայները նաև շեշտեց, որ շատ լավ է անդրադառնում յուրաքանչյուր դիզայների գործունեության վրա, երբ հայտնի մարդիկ կրում են իրենց մոդելավորած զգեստները, բայց զգեստների ու դիզայներների ընտրությունն էլ այս պարագայում շատ կարևոր է ու համակարգման կարիք ունի:

«Մեր երկրում ընկալումը մի փոքր սխալ է գնում և ամեն երկրորդը դիմահարդար ու դիզայներ է դառնում սոցցանցերի միջոցով: Այդ մարդիկ որպես դիզայներ են ներկայանում և հանկարծ մի պահ նրանց բախտը բերում է՝ իրենց զգեստը հագնում են հայտնի մարդիկ: Այդ առումով կարևորում եմ, որ տիկին Հակոբյանը գնումներ անելուց անգամ ուշադրություն դարձնի, թե ով է դիզայները և ինչով է հայտնի»,- ասաց Արամ Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանը նաև հավելեց, որ շատ լավ է, որ կան երիտասարդ դիզայներներ, որոնց ոգեշնչել է պետք, բայց դրան զուգահեռ նաև պետք է ուշադրություն դարձվի դիզայների գրագիտությանը, կրթությանն ու անցած ճանապարհին:

Դիզայներ Արամ Նիկոլյանը նորաձևության ոլորտում է արդեն մոտ 20 տարի: Որպես օրինակ` նա նշեց վրացական օրինակը, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը Աննա Հակոբյանի նման տեղական դիզայներներին առաջ մղեց:

«Բացի նրանից, որ Սաակաշվիլիի կինը հագնում էր վրացի դիզայներների հագուստները, այնտեղ նաև պետական մասշտաբով կազմակերպում էին նորաձևության շաբաթներ: Այդ նորաձևության շաբաթներից մեկի բացումն արել է համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Ռոբերտո Կավալլին, այսինքն` նրանք բավական մեծ շուքով ոլորտը առաջ մղեցին: Վրացիները օգտագործեցին ճիշտ պահը և ճիշտ քայլեր ձեռնարկելով զարգացրին երկրի նորաձևության ոլորտը: Հիմա ցանկացած վրացի դիզայներ եվրոպական հարթակներում սպասված հյուրերից մեկն է: Այսինքն` Սաակաշվիլիի կինը փուլ առ փուլ քայլեր ձեռնարկեց նորաձևության ոլորտը զարգացնելու համար»,- ասաց Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանը հույս հայտնեց, որ Աննա Հակոբյանը նույնպես նորաձևության ոլորտի աջակցության ու զարգացման հարցում քայլեր կձեռնարկի, որոնք հետագայում միջազգային հարթակներում Հայաստանն ավելի ներկայանալի կդարձնեն:

shantnews.am