Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները տպավորել են բլոգեր Լապշինին։ Նա խորհուրդ է տալիս զարգացնել ներքին զբոսաշրջությունն ու ենթակառուցվածքները։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Ադրբեջանի հետ Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղեր։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Լապշինը խոստովանեց, որ ուղևորությունից երկակի տպավորություններ են մնացել։
Մի կողմից` նրան ոգեշնչել է գնդակոծությունների տակ, ավերված տների և կոտրված ապակիների մեջ ապրող, բայց չհուսահատվող և անվախ մարդկանց հերոսությունը, մյուս կողմից` տխրեցրել այս մարդկանց նկատմամբ պետական աջակցության բացակայությունը։
«Սահմանամերձ գյուղի տարեց բնակիչներից մեկը ջերմոցում լոլիկ էր աճեցնում և վաճառում մոտակա քաղաքում։ Գնդակոծության պատճառով նրա ջերմոցի ապակիները կոտրվել են, և նա այլևս չի կարող զբաղվել դրանով, քանի որ ջերմոցը վերականգնելու համար միջոցներ չունի, իսկ պետությունը չի օգնում», – պատմում է Լապշինը։
Բլոգերն ասում է, որ Իսրայելում սահմանամերձ շրջանների բնակիչները ազատված են հարկերից և տարատեսակ սուբսիդիաներ ու արտոնություններ են ստանում։ Պետությունն անում է ամեն բան, որպեսզի նրանք չլքեն տները, այլ հակառակը` ուրիշներն էլ տեղափոխվեն սահմանամերձ գոտի։ Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է գնահատեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին և աջակցեն նրանց։
Միևնույն ժամանակ բլոգերը կարծում է, որ Տավուշի մարզը զբոսաշրջային մեծ ներուժ ունի` հաշվի առնելով բնության, պատմական և հնագիտական հուշարձանների առկայությունը։ Նրան ապշեցրել է զբոսաշրջիկների քչությունը, այդ թվում նաև հայ զբոսաշրջիկների։ Բլոգերի կարծիքով, Հայաստանը պետք է զարգացնի ներքին զբոսաշրջությունը, նպաստելու համար ոլորտի ընդհանուր զարգացմանը։
«Ինձ դուր է եկել ոչ միայն Տավուշը, այլև Սյունիքը։ Գուցե նաև ավելի շատ։ Մեղրիում շատ են հետաքրքիր վայրերը, պարսկական ճաշակ կա, բարձր լեռներ, ձորեր։ Կրկին վերադառնալ եմ ուզում», – ընդգծեց ճանապարհորդը։
Անկախ նրանից, որ Սյունիքում դժվար է մաքուր հյուրանոց գտնելը, բլոգերը կարծում է, որ Հայաստանում ծառայությունների ոլորտը բարձր մակարդակի վրա է։ Նրա կարծիքով` այդ ոլորտում Հայաստանը գերազանցել է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Իսկ ռեստորանային բիզնեսն ընդհանրապես կարելի է լավագույնը համարել ԱՊՀ տարածքում։
Օտարերկրյա զբոսաշրջիկներին նա խորհուրդ է տալիս օգտվել նրանից, որ Հայաստանը դեռ լավ գովազդված չէ որպես մեծ ճանաչում ունեցող զբոսաշրջային ուղղություն, դեռ այն «իրական և բնական» է։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 5,2 տոկոս՝ անցած տարվա նույն շրջանի համեմատ։ Մասնավորապես, 2018թ-ի առաջին երեք ամիսներին Հայաստան է եկել 346.458 զբոսաշրջիկ, իսկ 2019թ-ի նույն շրջանում՝ 364.489։ Միաժամանակ, Հնդկաստանից եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 138 տոկոսով, Չինաստանից՝ 40, ԱՄԷ-ից՝ 38, Իտալիայից՝ 19, Լեհաստանից՝ 17, Ռուսաստանից՝15,7, Ավստրալիայից՝ 15, Ավստրիայից՝ 11: Դրա հետ մեկտեղ, կտրուկ նվազել է այցելուների թիվը Իրանից՝ 43 տոկոսով, Գերմանիայից՝ 8,8, Ճապոնիայից՝ 6,7, Ֆիլիպիններից՝ 6։
Նշենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով՝ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը 2018թ-ին աճել է 17 տոկոսով։ Երկրների հնգյակի մեջ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան, մտել են Ռուսաստանը (ավելի քան 525 հազար մարդ), Վրաստանը (233 հազար), Իրանը (132 հազար), ԱՄՆ-ը (46 հազար) և Ուկրաինան (24 հազար)։