«Ղարաքիլիսայում տեղի է ունեցել մեծ դավադրություն…»
Advertisement 1000 x 90

«Ղարաքիլիսայում տեղի է ունեցել մեծ դավադրություն…»

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Հայկական առանձին կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանին վերագրել 1918-ի մայիսյան հերոսամարտերի կազմակերպումը՝ իրականության ու պատմության խեղաթյուրում է։ Թեեւ յուրաքանչյուր տարի, մայիսյան գոյամարտի հերոսների թվում, իշխանությունները չեն մոռանում հիշատակել նրա անունը, որպես մարտերի կազմակերպիչ ու կարեւոր դերակատար։

1918-ի գարնանը նրան ոչ միայն չի հաջողվել կասեցնել ռազմաճակատի կազմաքանդումը, այլեւ Սարիղամիշի, անառիկ համարվող Կարսի բերդի ու Ալեքսանդրապոլի հանձնումից եւ շտաբը Դիլիջան տեղափոխելուց հետո էլ՝ հանձնարարել է ցրել իր հրամանատարության տակ գտնվող զինուժը, հրանոթները թաղել, թաքցնել, եւ դա այն դեպքում, երբ օսմանցին մոտենում էր Մեծ Ղարաքիլիսային, Բաշ Ապարանին ու Սարդարապատին: Նազարբեկյանը, ով առաջին աշխարհամարտի տարիներին մեծ ծառայություններ էր մատուցել ռուսական բանակին, 1918-ի թուրքական արշավանքի օրերին մատը մատին չխփեց:

Դեռեւս ուսումնասիրության կարոտ է այն հարցը, թե ով է տվել այն կանոնավոր հայկական զինուժի նահանջի հրամանը, որը մայիսի 25-ից 28-ը Ղարաքիլիսայի մատույցներում ոչ միայն հաջողությամբ կասեցնում էր թուրքերի գրոհները, այլեւ իրականացնում հիանալի հակագրոհներ:

Կորպուսի առաջին դիվիզիայի հրամկազմը (Ա. Բեյ Մամիկոնյան) ինչու՞ որոշեց լքել ռազմաճակատը, երբ քանիցս հնարավորություն ուներ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու, նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին հայտնվեց հայոց զորքի թիկունքում (Վարդանլու)՝ փակելով Դիլիջան տանող ճանապարհը…

Ղարաքիլիսայում տեղի է ունեցել մեծ դավադրություն, մեծ դավաճանություն, դիվիզիայի հրամկազմն ու անձամբ Նազարբեկովն իր անվճռականությամբ ու անգործությամբ պատասխանատվություն են կրում Մեծ Ղարաքիլիսայի պարտության, այդ օրհասական պահին՝ բացահայտ պարտվողական տրամադրություն ցուցաբերելու, զորքի մարտական ոգին կոտրելու համար:

Սարդարապատում թուրքական զորամասերին ջարդած եւ թշնամուն հետապնդող մեր հաղթանակած զորքերին նահանջի հրաման տվողը նույնպես գեներալ Նազարբեկովն էր, ով զորքին հակահարձակումը դադարեցնելու կոչ ուղղեց այն դեպքում, երբ Ալեքսանդրապոլի ու Կարսի ազատագրման իրական հնարավորություն էր ստեղծվել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քաջազնունու վարչապետության օրերին՝ 1919 թվականի մարտի 25-ին, Նազարբեկովը նշանակվել է ՀՀ Ռազմական խորհրդի նախագահ եւ զորահրամանատար (սպարապետ)։ Նույն թվի հուլիսի 15-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: