Անչափ տպավորված ենք Հայաստանի հնագույն ժառանգությամբ. «Պարկեր» քառյակը ժամանել է Երևան
Advertisement 1000 x 90

Անչափ տպավորված ենք Հայաստանի հնագույն ժառանգությամբ. «Պարկեր» քառյակը ժամանել է Երևան

Գրեմմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը երևանյան համերգին կատարելու է Մոցարտի, Յանաչեկի և Դվորժակի հանրահայտ ստեղծագործությունները:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  խմբի համերգային երեկոն անցկացվելու է մայիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Քառյակի անդամներն արդեն Հայաստանում են և հասցրել են շրջել մեր երկրի տեսարժան վայրերով, ծանոթացել են հայկական խոհանոցին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողերի հետ զրույցում հայտնեց «Պարկեր» քառյակի ջութակահար Ջեսիկա Բոդները:

«ԱՄՆ-ում շատ են հայերը. միշտ ցանկություն եմ ունեցել լինել նրանց երկրում: Վերջապես այդ հնարավորությունն ընձեռվեց: Ծանոթացել ենք Հայաստանի հնագույն ժառանգությանն ու անչափ տպավորված ենք: Ընդգծեմ, որ մեզ շատ ջերմ են ընդունել ամենուր»,-նշեց երաժիշտը:

Քառյակի ջութակահար Դանիել Չոնգն անդրադարձավ երևանյան համերգի ծրագրին ու տեղեկացրեց, որ ներկայացնելու են Մոցարտի, Յանաչեկի և Դվորժակի ստեղծագործությունները: «Մոցարտի գործերում կա թափանցիկություն, պարային հետաքրքիր դրվագներ, իսկ Դվորժակին հատուկ է դրամատիզմը, ինչին հաճախ ենք հանդիպում Բեթհովենի արվեստում: Հարուստ ծրագիր է, որն ընտրվել է հատուկ Երևանի համար»,-շեշտեց երիտասարդ ջութակահարը:

Խոսելով դասական կամ ժամանակակից գործերի մասին, որոնք իրենք հնչեցնում են աշխարհի տարբեր բեմերում` նա ընդգծեց, որ նվագում են սրտից ու մշտապես ընտրում են իրենց հարազատ ստեղծագործություններ, և դա է պատճառը, որ դրանք հարազատ են դառնում նաև ունկնդիրներին:

Խմբի անդամները նշեցին, որ հայ կոմպոզիտորներից ծանոթ են Տիգրան Մանսուրյանի գործերին:

«Պարկեր» քառյակն այսօրվա լավագույն երաժշտական քառյակներից է, որն արժանացել է երաժշտասերների սիրուն ու նվաճել ամենահեղինակավոր մրցանակները: Խմբի անդամները վստահ են, որ հաջողության հասնելու գրավականը աշխատասիրությունն է և երաժշտության միջոցով ունկնդիրների հետ երկխոսությունը:

«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին: Խմբին հաջողվել է դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019 թվականների շրջագայությունների ընթացքում խումբը երաժշտասերներին է  ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆեկտը», ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակում, ինչպես նաև ելույթները «Քարնեգի» համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

«Պարկեր» քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձր գնահատականին։

Քառյակի «Naxos»-ի հետ Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունը 2011-ին արժանացավ Գրեմմի մրցանակի «Լավագույն կամերային կատարում» անվանակարգում:

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։

«Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների «Գիլդ» մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։