Գիրությունը պատանի հասակում խիստ վտանգավոր է առողջության համար։ Գյոթեբորգի (Շվեդիա) համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ դեռահասների և պատանիների ավելորդ քաշը կարող է կարդիոմիոպատիայի և սրտային անբավարարության պատճառ դառնալ ավագ տարիքում։
Մասնագետները նշում են, որ միայն Շվեդիայում 1987-2006 թվականներին սրտային անբավարարության դեպքերը կրկնապատկվել են։ Հասկանալու համար, թե ինչ գործոններ են ազդում այդ գործընթացի վրա, գիտնականները վերլուծել են Շվեդական ռեեստրի (Swedish registry) 1 668 893 տղամարդկանց հիվանդության պատմությունները։ Նրանք բոլորը բանակում ծառայության անցնելուց առաջ զննվել են 18 կամ 19 տարեկանում։ Զննումներն ընդգրկել են 1969-2005 թվականները։
Մասնավորապես, գիտնականներին հետաքրքրել է հետազոտվող տղամարդկանց առողջական վիճակը մինչև նրանց 46 տարեկան հասնելը։ Պարզվել է, որ 4 477 տղամարդկանց մոտ ախտորոշվել է կարդիոմիոպատիա միջինը 45,5 տարեկանում։ Ընդ որում՝ նրանց մոտ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը պատանեկության տարիներին համապատասխանել է ճարպակալմանը, դիլատացիոն կարդիոմիոպատիան առաջ է եկել 8 անգամ ավելի հաճախ պակաս գեր հասակակիցների համեմատ։