Հայաստանը որպես պետություն պարբերաբար դիմում է ինտերնետային հարթակներին՝ կամ տեղեկատվություն ստանալու, կամ բովանդակություն վերացնելու հարցերով։ Այդ գործողությունները կարգավորված են: Ինտերնետային ծառայությունները հաճախ որոշ տվյալներ են հրապարակում նման դիմումների մասին։ Սովորաբար հարթակներն ունեն հատուկ բաժիններ, որոնք համագործակցում են պետական մարմինների հետ։
Մի շարք հարթակներ հրապարակում են թափանցիկության զեկույցներ, որտեղ ներկայացնում են պետական մարմինների կողմից դիմումներն ու իրենց կողմից դրանց վերաբերյալ գործողությունները։ Հասանելի հրապարակումներից երևում է, որ դիմումները Հայաստանից հիմնականում եղել են Ֆեյսբուքին և Յություբին։
Ամենաշատ դիմումները Հայաստանը ուղարկում է Ֆեյսբուքին։
Ֆեյսբուքը սկսել է հրապարակել թափանցիկության զեկույցը 2013 թվականից։ Եվ արդեն երկրորդ կիսամյակից Հայաստանը դիմում ունի։ Որն, ի դեպ, մերժվել է։
Ֆեյսբուքը դժվարությամբ է տրամադրում տվյալներ, քանի որ ամեն անգամ պետք է համոզվի, որ, օրինակ, դրանք չեն օգտագործվելու քաղաքական հետապնդումների համար։
Այդ իսկ պատճառով, ուսումնասիրելով բոլոր երկրների հարցումները, կարելի է նկատել, որ տրամադրված տվյալների թիվը չի հասնում հարյուր տոկոսի, միշտ լինում է մերժումների որոշակի տոկոս։
Եթե դիտարկենք վերջին զեկույցը, որը վերաբերում է 2018 թվականի երկրորդ կիսամյակին, ապա գրաֆիկից կտեսնենք, որ դիմումների թիվը քչացել է, եղել է ընդամենը վեց դիմում։
Սակայն, դիմումները միասնական պարունակել են 81 օգտատիրոջ վերաբերյալ տվյալ։ Ինչը ռեկորդային է ողջ պատմության մեջ։ Դիմումների կեսի վերաբերյալ Ֆեյսբուքը ինչ֊որ տվյալներ տրամադրել է։ Կարելի է ենթադրել, որ նման ճանապարհով է բացահայտվել «Դուխով Հայաստան» էջի ադմինը։
Ամբողջությամբ՝ media.am