«Եթե մեդիան շոյում է հասարակության գլուխը, այն մեդիա չէ, այլ … սանր է». media.am
Advertisement 1000 x 90

«Եթե մեդիան շոյում է հասարակության գլուխը, այն մեդիա չէ, այլ … սանր է». media.am

Մեդիա տեխնոլոգ և դասընթացավար Սերգեյ Յակուպովը օգնում է ստեղծել ու զարգացնել տեղեկատվական կայքեր, կառավարել լրատվական արտադրանքն ու աշխատել լսարանի հետ: Նա Telegram-ում mediamediame ալիքի հեղինակն ու խմբագիրն է:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա վարեց «Մոնետիզացիայի մոդելներ մեդիայում» թեմայով դասընթացը՝ փորձելով աջակցել հայաստանյան կայքերին ազատորեն լողալ թվային շուկայում։

Սերգեյ Յակուպովը վստահ է, որ կարևոր է կարդալ կայքերի վիճակագրությունը, քանի որ լավ խմբագիրը, նայելով այցելությունների թվերին, կարող է կանխատեսել, թե ինչպիսի ձևաչափերն ու թեմաներն են հարմար առաջխաղացման համար:

Թվերն են, որ թույլ են տալիս մշակել դիստրիբյուցիայի մոդելները ու փող վաստակել՝ մնալով անկախ մեդիա:

Ի՞նչ անել ունենալու համար ինքնաբավ ու փողի մասին չմտահոգվող լրատվամիջոց:

Կա ընդհանուր խնդիր՝ խմբագրություններում չկա մարդ, որին ընդունված է անվանել՝ արտադրանքի կառավարիչ (product manager):

Պիտի լինի մարդ, որը դիտարկի կայքը որպես տեխնոլոգիական արտադրանք, այլ ոչ թե բովանդակության արխիվ: Այստեղից են սկսվում կայքի զարգացումն ու մոնետիզացիայի հարթակները:

Խնդիրն այն է, որ լրատվական կայքերը ստեղծում են մարդիկ, որոնք նախկինում աշխատել են թերթում կամ այլ ավանդական մեդիայում: Եվ սովորության համաձայն՝ շարունակում են կարծել, որ արտադրում են հրաշալի բովանդակություն ու մարդիկ պիտի այն սպառեն ինքնաբերաբար: Բայց այդպես չէ, առաջնայինը բովանդակության դիստրիբյուցիան է, ներկայացումը:

Դիստրիբյուցիայի ձևերը պետք է իմանալ ավելի շուտ, քան սկսում ես արտադրել բովանդակությունը:

Երբ ունենում ես հանճարեղ բովանդակություն ու կայք, իսկ լսարան չի լինում, ապա պետք է վերադառնաս ու լսարան հավաքես: Իսկ այդ ընթացքում բովանդակությունը հնանում է, համապատսախանաբար, կորչում է արդիականությունը:

Մինչ կայք սարքելը, պետք է վստահ լինել, թե ում համար է այն և որտեղ է պետք լսարան փնտրել:

Չի՞ ստացվի, որ պահանջված են դյուրամարս, զանգվածային, սկանդալային, դեղին նյութերը:

Իհարկե, բովանդության հարմարավետ մատուցումը երկակի պատմություն է: Մի կողմից՝ պարբերականը, կայքը, լրատվամիջոցը, բրենդը սկսում են սիրահետել լսարանի հետ, ինչն իրականում ռամկական մոտեցում է: Լսարանին մեծ հաշվով հարկավոր են հաց և տեսարաններ (այդպես եղել է և այդպես լինելու է):

Մյուս կողմից՝ կա ռոմանտիկ պատկերացում, թե մեդիան դաստիարակչական մարմին է: Այսինքն, այնպիսի ինստիտուցիա է, որը ոչ միայն իրազեկում է, այլև՝ կրթում ու տալիս գիտելիքներ: Եվ եթե անենք միայն այն, ինչը մեզանից սպասում է լսարանը, ոչ միայն մեդիան, այլև լսարանը չի զարգանա:

Բոլորս էլ ուզում ենք, որ մեդիան լինի մարդկային ու քաղաքացիական հասարակության զարգացման միջոց, եթե անգամ դա հնչում է բավականին պաթետիկ:

Բովանդակությունը չի կարող լինել լսարանի ցանկությունների հարյուր տոկոսանոց արտացոլումը, տա միայն այն, ինչը հարմար է սպառել:

Դա ինչ-որ իմաստով հիշեցնում է այֆոնի սրբազան հայտնագործությանը: Մինչ այֆոնը ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ կարող է լինի հեռախոս առանց կոճակների: 2006-ին ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ հպէկրաններով հեռախոսները կլինեն շատ հարմար: Նույնն էլ մեդիայի դեպքում է:

Չենք հարցնում լսարանին, թե ինչ է այն ուզում ստանալ, այլ անում ենք այն, ինչը կարող է փոխել հասարակությունը: Այսինքն, տարածում ենք այնպիսի տեղեկություն, որը կարող է ազդել հասարակության տրամադրության, զարգացման վրա (նշանակություն չունի, էվոլյուցիոն թե ռեվոլյուցիոն):

Եվ որպեսզի չլինի լճացում, լրատվական կայքի բովանդակության դիստրիբյուցիայի դեպքում պետք է հավասարակշռել լսարանի ցանկությունները մեր առաքելության հետ:

Ամբողջությամբ՝ media.am



Նման նյութեր