Հովհաննես Ավետիսյան. «Սա է իմ գնահատմամբ արժեքի ստեղծման արդար, կայուն և ճշմարիտ ճանապարհը»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Սա է իմ գնահատմամբ արժեքի ստեղծման արդար, կայուն և ճշմարիտ ճանապարհը»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ եկամտի հարկման համահարթ համակարգ (սա նշանակում է բոլորին հարկել միևնույն տոկոսով) ներդնելու շուրջ հանրային քննարկում:

Համահարթ հարկման համակարգի դեմ արտահայտվող կողմը մնաց իր տեսակետին, որ սա ոչ միայն սոցիալական առումով անարդարացի է, այլ նաև տնտեսական արդյունավետության առումով` թերի հիմնավորված (խորը և համապարփակ հաշվարկ և հիմնավորումներ չկան):

Ուստի, համահարթի ներդրումով սոցիալական արդարության նսեմացումը փոքր ինչ նվազեցնելու նպատակով առաջարկեցի սոցիալական ենթակառուցվածքներում ներգրավված աշխատողների համար սահմանել չհարկվող շեմ:
Դրանք են կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների աշխատողները: Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով սոցիալական ենթակառուցվածքներում ներգրավված անձանց թիվը շուրջ 160,000 է: Սա նաև աշխատող հանրության խոցելի հիմնական խումբն է, որտեղ աշխատավարձերը կրթության ոլորտում միջինում շուրջ 115,000 դրամ է, իսկ առողջապահությունում` միջինում 157,000 դրամ: Այս մարդկանց համար շուրջ 40,000 դրամ չհարկվող շեմ սահմանելու դեպքում նրանց աշխատավարձերին կավելացնենք 9,200 դրամ, որը 110,000 դրամ ստացող ուսուցչի կամ բուժաշխատողի համար զգալի գումար է և նաև սա կփոխհատուցի անուղղակի հարկերի բարձրացումով պայմանավորված հավանական գնային աճի միտումները: Սա բյուջեի վրա կնստի շուրջ 20 մլրդ դրամ (պակաս հավաքվող եկամուտների տեսքով):

Քննարկման ժամանակ նշվեցին նաև տեսակետներ, որ արժեք ստեղծողը բիզնեսն է, և հետևաբար ամեն ինչ պետք է անել բիզնեսի պայմանները լավացնելու համար: Սրան ես համաձայն եմ վերապահումով, որը հետևյալն է:

Արժեք ստեղծողը մարդն է, հետևաբար ամեն ինչ պետք է անել, որպեսզի մարդու վիճակը և պայմանները լավանան:
Միայն կրթված, առողջ և սոցիալապես ապահով քաղաքացին կարող է արժեք ստեղծել:
Սա իմ քաղաքական պատկերացումն է Հայաստանի ապագայի շուրջ: Եվ հետևաբար այսօր իմ կողմից հնչեցված առաջարկը նաև այն քաղաքական տեսլականն է, որ ես դավանում եմ և ապագայում քաղաքականությամբ ակտիվ զբաղվելու պարագայում դա լինելու է իմ ուղենիշը:
Այսինքն կառուցել շատ ուժեղ սոցիալական ենթակառուցվածքներ, որոնք մարդուն առողջություն, գիտելիք, ապահովություն և վստահություն կտան իր, պետության և ներկայի ու ապագայի հանդեպ:

Սա է իմ գնահատմամբ արժեքի ստեղծման արդար, կայուն և ճշմարիտ ճանապարհը»:



Նման նյութեր