«Եթե այլ ենթատեքստեր չասեմ, սովորական պրոցեսուալ փուլեր է անցնում այդ գործը։ Բողոքարկում են, դատարանը մերժում է, վերաքննիչը բավարարում է, հետո՝ նորից…, և այլն։ Ուզում եմ ասել՝ դա արտառոց բան չի որևէ գործի համար, եթե այդ որոշումների քաղաքական ենթատեքստերը մի կողմ դնենք։ …Դատարանն ըստ էության չի մտել դատավարական փուլ։ Խափանման միջոցի հարց է քննվել մեղադրյալի նկատմամբ»,- 1.in.am-ի եթերում հայտարարել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է կատարվում «Մարտի 1»-ի գործի հետ կապված։
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխանություններին թվում է, թե եթե ինքը հայտարարում է, որ չի ներգործում դատարանների վրա, ուրեմն դատարաններն անկախ են, բայց դա բացարձակ չի նշանակում, որ դատարաններն անկախ են։
«Որովհետև եթե չկա գործադիրի հսկողությունը կամ թելադրանքը… մի ռուսերեն բառ կա՝ «беспредел», դատարանի անսահմանություն… Ինչ ուզում, անում են, որովհետև չեն էլ վախենում, որովհետև այն մարմնից, ումից պետք է վախենային, ԲԴԽ-ից, այսինքն՝ նրանից չեն վախենում»,- նշեց նախկին զինդատախազը՝ հավելելով, որ անցած մեկ տարին իշխանությունը կորցրել է դատական բարեփոխումներ և զտում իրականացնելու համար։
Նա նշեց, որ բազմիցս է ասել, որ Մարտի 1-ի բոլոր քրեական գործերը պետք է բեկանված լինեին, կարգապահական և քրեական պատասխանատվության պետք է ենթարկված լինեին այդ դատավորները, դատախազները, քննիչները, օպերատիվ ծառայության աշխատակիցները, որոնք կեղծել են իրեղեն ապացույցներ, հորինել են մեղադրանքներ։
«Եթե այդ խնդիրները լուծված լինեին, դատական համակարգը 30-40 դատավորից ազատված կլիներ։ Ցավոք, բաց թողեցինք, էդ հոդվածներով սահմանված վաղեմության ժամկետներն անցան»,- ասաց նախկին զինդատախազը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ մեղադրանքով էր ձերբակալվել ինքը, Գ. Ջհանգիրյանը նկատեց. «Ճիշտն ասած՝ ամեն անգամ տհաճությամբ եմ այդ հարցին պատասխանում։ Ինձ մեղադրել են՝ իբր ես մի ոստիկանի գրպան եմ պատռել։ Դրա համար ինձ գիշերվա ժամը 4-ին, այն էլ՝ 72 ժամը լրացած, երբ պիտի ինձ բաց թողնեին, քնից հանել-բերել էին դատավորին… Այդ ապօրինությունների մասին հիմա ես չեմ ուզում խոսել։ Այնպես չլինի, որ արդարադատության նախարարը հրաժարական է տվել, դրա համար եմ ասում, բայց դատաիրավական բարեփոխումներ իրականացնելը պետք է լիներ արդարադատության նախարարի առաջնային խնդիրը»։
Անդրադառնալով վեթինգ իրականացնելու իշխանությունների մտադրությանը՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ, եթե դրա նպատակը զտումն է, այսօրվա գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է։ 164 հոդվածն ասում է, որ դատավորի գործունեության լրացուցիչ սահմանափակումներ կարող է նախատեսել դատական օրենսգիրքը։ «Բա էդ դատական օրենսգիրքը մեկ տարի ինչո՞ւ չենք վերափոխել, ինչո՞ւ լրացուցիչ սահմանափակումներ չենք նախատեսել»՝ նշելով, որ իր թվարկած վերոբերյալ քայլերն իրականացնելու դեպքում վեթինգն ինքնըստինքյան տեղի ունեցած կլիներ։
Այն հարցին, թե մինչև ո՞ւր էր պետք հետ գնալ այդ պարագայում, մինչև ո՞ր թվականը, Գ. Ջհանգիրյանն ասաց. «Ես առաջարկել եմ սկսել Մարտի 1-ից։ Եթե դրանից առաջ էլ կան ապօրինի դատական ակտեր կայացրած, խնդրեմ… Ես որևէ խնդիր չունեմ… Պետք է դատական համակարգը մասնավորապես (այլ իրավապահ մարմինների հիմա չեմ ուզում անդրադառնալ) վերակազմավորել։ Իրեն սպառած, այլասերված, փչացած դատական համակարգից պետք է ազատվել, ինչքան էլ խնդրահարույց ու դժվար լինի»։
Անդրադառնալով այն դիտարմանը, թե ՍԴ-ն մեկ ամսով երկարացրել է Մարտի 1-ի մասով անջատված մասի քննությունը, նախկին զինդատախազն ասաց.
«Նախ՝ դատավորն իրավունք չուներ այդ գործն ուղարկել ՍԴ, որովհետև գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է։ Դատավորը պետք է սպասեր, որոշումը վերաքննիչում վիճարկվեր, եթե մնար ուժի մեջ, նոր պետք է ուղարկեր ՍԴ։ Հիմա Սահմանադրական դատարանը ժամանակ է տալիս այդ դատավորի կատարած սխալը ուղղելու։ Ինքը ձգում է իր մոտ գործի վարույթի սկիզբը, որպեսզի վերաքննիչը կարողանա որոշում կայացնել։ Բայց ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴ-ում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս ,ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴ-ն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյալ կլինեք, կիմանաք»։
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում գնդապետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը, նախկին զինդատախազը նշեց, որ դեռ կլինեն բացահայտումներ։
«Ես բազմիցս ասել եմ, որ Մարտի 1-ը կազմակերպված, ծրագրավորված, դերակատարումները բաժանած հանցագործություն է։ Այդ ոճրագործությունը, այդ սահմանադրական կարգի տապալումը, այդ սպանությունները, դրանց կոծկումը… Ամեն պետական մարմին, պաշտոնյա իր գործն է արել։.. Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա հանցակիցները ոստիկանապետը, գլխավոր դատախազը, այն ժամանակվա վճռաբեկ դատարանի նախագահը, քրեական պալատի ղեկավարն են, և այլն»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը։
Խոսելով Արցախում պետական պաշտոնյաների պաշտոնանկության հարցից՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դիմումով ազատված պաշտոնյաները ավելի շատ այդ քայլին գնացել են, որպեսզի զբաղվեն ռեալ քաղաքականությամբ։
«Այսինքն՝ նախապատրաստվում են նախագահական ընտրությունների։ Հիմնական պատճառը դա է, որովհետև մեկը մի պաշտոն էր զբաղեցնում, մյուսը՝ մեկ այլ, և ազատ խոսելու իրավունք իրենք չունեին։ Մեկ-մեկ էլ դուք տեսնում էիք, թե այդ արտահայտություններն ինչ արձագանք էին ստանում։ Իսկ եթե լինեն անհատ քաղաքացիներ և քաղաքական ճառեր ասեն և հայտարարություններ անեն, դա իրենց գործն է։ Ես չեմ հավատում, որ իրենց ճնշել են, ամեն ինչ շատ ավելի հստակ է»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։