Պատմաբան Վահե Անթանեսյանը իր Facebook-յան էջում ներկայացնում է հայ ավանդական Տարեմուտը. «Ավանդական սովորության համաձայն, Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:
Նախկինում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում էր կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին:
Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում:
Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունը ապահովելու համար:
Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների` օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները»: