Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ոճային կանանց ու տղամարդկանց՝ ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների: Այս անգամ զրուցել ենք դերասան Էդգար Իգիթյանի հետ: Վերջինս արագ մտաբերեց ոճային 2 կանանց, երրրոդի շուրջ երկար մտածեց, ապա խնդրեց նշել միայն 2-ին:
«Հայկական շոու բիզնեսում կան շատ աղջիկներ, որոնք ոճային են, բայց չեմ կարող իրենց համարել ինձ համար առանձնացող կերպարներ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր համար ոճային լինելու առաջին նախապայմանը ներդաշնակությունն է:
«Նախընտրելի հստակ ոճ չունեմ: Յուրաքանչյուր մարդ ունի իր ոճը: Կան աղջիկներ, որոնց շատ է սազում սպորտային հագուստ, աղջիկներ, որոնց ավելի շատ սազում է դասական հագուստ: Ամենակարևորն այն է, որ մարդու տեսակը, բնավորությունն ու ոճը համապատասխանեն իրար: Եթե, օրինակ, մարդը միշտ մարզվում է և սպորտն իր համար ապրելակերպ է, մարզահագուստն ավելի է սազում իրեն, թեև այդ աղջիկներին ամեն ինչ է սազում: Իսկ ահա դասական հագուստի դեպքում կարևոր չէ մարզված լինելը: Օրինակ, աղջիկը կարող է մի քիչ գիրություն ունենալ, բայց դասական հագուստն իրեն սազի»,- ասաց դերասանը:
Էդգարը շեշտեց, որ ակտիվ կյանքով ապրող աղջիկները նաև ավելի դրական են լինում: «Լինելով նախկին մարզիչ՝ շատ եմ կարևորում, որ աղջիկն իրեն հետևի, մարզասրահ, պարի կամ այլ պարապմունքի գնա: Աղջիկը պետք է իրեն հետևի, որպեսզի թե՛ արտաքին տեսքը, թե՛ ներաշխարհը լավը լինի: Սպորտով զբաղվող կամ ակտիվ կյանքով ապրող մարդիկ ավելի դրական են լինում: Մարզիչ աշխատելու տարիներիս եմ հասկացել, թե ինչպես է փոխվում մարդկանց տրամադրությունն արտաքնի հետ»,- ասաց նա:
Ահա և նրա առանձնացրած հայտնիները․
Առաջինը մտքիս եկավ Սիրուշոն: Սիրուշոյին միշտ համարել եմ հայկական շոու բիզնեսի համար առաջին դեմքերից թե՛ ոճային առումով, թե՛ պահվածքով, թե՛ երգարվեստով:
Նազենի Հովհաննիսյանը միշտ շատ գեղեցիկ ու ճաշակով է հագնվում, նաև շատ կանացի է, միշտ կարողանում է իրեն ճիշտ ներկայացնել: Հատկապես վերջին հատկանիշով նա միշտ տարբերվել է ինձ համար: