Ի՞նչ են ուտում, սիրում, սովորում ու տեսնում Հայաստանում. armradio.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են ուտում, սիրում, սովորում ու տեսնում Հայաստանում. armradio.am

Ֆիլիպիններից ու Ռուսաստանից, Միջին Արևելքից ու Ամերիկայից, աշխարհի այս ու այն կողմերից ինչո՞ւ են գալիս Հայաստան. Հայաստանին սիրահարվածների խոստովանությունները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում:

Ռուս երիտասարդը խնդրում է իրեն հայերեն սովորեցնել, ասում՝ իր 5-օրյա տպավորություններն ուզում է հայերենով արտահայտել:

Հայկական արեւի համար է հեռավոր Կամչատկայից եկել՝ մեն-մենակ, ու դեռ չի փոշմանել, մեր երկիրը վայելելու համար դեռ երկու օր էլ ունի:

«Սևանում եղել եմ, Դիլիջանում նույնպես, եկեղեցիներով ու վանական համալիրներով անցել, ամեն բան հրաշալի է, եղանակը տաք, ուտելիքը՝ շատ համեղ»,-ասում է նա:

Ուտելիքների բազմազանության մեջ ամերիկացի Սթիվը որդուն խնդրում է հիշեցնել հայկական հացի անունը:

9 տարեկանում առաջին անգամ եկավ Խորհրդային Հայաստան, դեռ այն ժամանակ սիրահարվեց մեր երկրին ու որոշեց, որ պիտի վերադառնա: Իր երազանքից ավելի քան 30 տարի անցավ, բայց կարևորը կատարվեց, ասում է.

«Ինձ թվում է, թե քույրերիս ու եղբայրներիս հետ եմ զբոսնում, սիրում եմ, սիրում եմ այս երկիրը: Հրաշք է: Մենք մեր հարազատների մոտ ենք եկել, ի դեպ ամուսինս հայ է, երևանցի, այստեղ է ծնվել»:

Հայ-ռուսական այս ընտանիքի անդամներից ռուսներն առանց հայի են այս անգամ եկել՝ առաջին անգամ: Հասցրել են լինել Սևանում ու Դիլիջանում, Երևանում ու Գառնիում:

Գիրացել են, բողոքում են, բայց հայկական խոհանոցի ուտելիքների համին չեն կարողանում դիմանալ.

«Արդեն հասցրել ենք քյուֆթա ուտել, նաև հաճարով փլավ, որ սնկի հետ են սովորաբար մատուցում: Ամեն օր վայելում ենք հայկական սև սուրճ ու տաքանում ձեր արևի տակ: Ճոխ է»:

Ճոխ հաճույքներ Լիբանանից եկած արաբները իրենց թույլ տալ չեն կարող, ասում են՝ մի քանի օր ունեն այստեղ անցկացնելու համար, մեկնելու են: Մարդկանց հասցրել են սիրել, բայց ոչ սպասարկման ոլորտում աշխատողներին.

«Այստեղ բնապատկերները սիրուն են, գեղեցիկ, բայց տուրիզմի ոլորտում բացեր կան: Վաճառողներն այդքան էլ բարեհամբույր չեն, մեզ չեն ասում, թե այս կամ այն ուտելիքի մեջ ինչ կա, համեղ է, թե ոչ: Զարմանալի է, որովհետև մարդիկ շատ լավն են»:

Մարդիկ լավն են, ասում են ֆիլիպինցի ամուսիններն ու ցույց տալիս, թե ինչպես են հայ կանայք լավաշ թխում.

«Սիրում եմ, սիրում հայկական հաց, դա հրաշք հաց է: Կարող ես պահել գլխավերևումդ, մի փոքր կտորից դարձնել մեծ մի բան ու պարեցնել, պարեցնել ձեռքերիդ վրա: Այդպես էին անում կանայք»:

Կվերադառնան՝ խոստացան բոլորը: Իսկ մինչ վերադարձը, այս մարդիկ իրենց երկրներ կտանեն սիրո տարբեր պատմություններ, որ ստեղծվել են Հայաստանում՝ համով, հոտով, ջերմությամբ ու ճանապարհներով լի տուրիստական մի քանի օրվա ընթացքում:

armradio.am