Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Իտալական խոհանոցի շաբաթը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Միջոցառումը նախաձեռնել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը: Միջոցառումը տեղի է ունենալու բոլոր այն երկրներում, որտեղ կան Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 105 երկրներում, տեղի են ունենալու թվով մոտ 1300 միջոցառումներ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին:
Դեսպանը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանի նման երկրում այսպիսի միջոցառման կազմակերպման համար, քանի որ Հայաստանն ունի հարուստ խոհանոց և գյուղատնտեսական մթերքների զարգացման մեծ պոտենցիալ: Միջոցառման թեմաները հետաքրքիր են և կարծես հանդիպման խաչմերուկ են հանդիսանում տարբեր երկրների համար: Թեմաներն են` սննդի որակը, անվտանգությունը, բիոզանազանությունը, որոշակի տարածքին բնորոշ սննդամթերքի առաջխաղացումը:
Հայաստանում իտալական ռեստորանները բազմաթիվ են, իտալական խոհանոցն էլ` պահանջված: Իտալական խոհանոցի պահանջված լինելու գաղտնիքը նրանում է, որ այն, միևնույն ժամանակ՝ և պարզ է, և բարդ: Իտալական խոհանոցում ավելի շատ կարևորվում է մթերքների համադրությունը, այլ ոչ թե՝ պատրաստման բարդ եղանակները: Դեսպանը նշեց, որ իրեն դուր են գալիս աշխարհի բոլոր խոհանոցները, իսկ հայկական խոհանոցից ավելի շատ սիրում է ապուրները: Դեսպանի ամենասիրելի ճաշատեսակը լոբով ապուրն է, ինչպես նաև՝ Ալավերդիում իր համտեսած ավելուկով ապուրը:
«Իտալական խոհանոցի շաբաթը՝ Հայաստանում» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցում են մի շարք ռեստորաններ: Այս ռեստորաններում շաբաթվա ընթացքում լինելու է նոր իտալական ճաշացանկ՝ համեմատաբար ավելի մատչելի գներով:
Ասուլիսի ընթացքում այբբենական կարգով մասնակից ռեստորանները ներկայացրեցին իրենց ճաշացանկը:
«Մարտինի Ռոյալ» (Martini Royal) ռեստորանի ներկայացուցիչը նշեց, որ չնայած իրենց խոհարարն իտալացի չէ, բայց իտալական խոհանոցի լավ գիտակ է: Ճաշացանկը հիմնված է լինելու մսի և ձկան տեսականու միջև՝ նախապատվությունը թողնելով հաճախորդին:
«Պատիո» (Patio) ռեստորանի ներկայացուցիչ Գոռ Մանուկյանը ներկայացրեց իրենց ճաշացանկը՝ կոնկրետ մարզային ճաշատեսակներ, և, իհարկե, Վենետիկյան գինի:
«Ռաֆաելո» (Raffaello) ռեստորանը ներկայացնում էր Անդրեա Ֆերարին: Նա նշեց, որ նախուտեստից մինչև հիմնական կերակրատեսակները՝ բոլորը լինելու են հիմնված ձկան տեսականու վրա:
«Դաբլ Թրի բայ Հիլթոն» (Double Tree by Hilton) հյուրանոցում գտնվող «Գոլդ» (Gold) ռեստորանը ներկայացնելու է, մասնավորապես, իտալական երկու տարածաշրջաններ, այդ տարածաշրջանների ընտրությունը կախված է այն հանգամանքից, որ ռեստորանի խոհարարները տարբեր տարածաշրջաններից են: Խոհարարներից մեկը ներկայացնելու է Մարկեյ նահանգը, իսկ մյուսը՝ Նեապոլը: Նախուտեստները լինելու են ձկնային մթերքների հիման վրա՝ ներկայացնելով տարածաշրջանը, որտեղից ինքը՝ խոհարարն է: Իսկ գինին և աղանդերը կլինեն տիպիկ նեապոլիտանական:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ