Շուրջ երեք տարի առաջ էր, երբ մի քանի ընկերներով գնացինք Սուրենավան բազմազավակ աղքատ ընտանիքին այցելության:
Հայրը բանկերի գերին էր դարձել, այնժամ երբ ոչ կրթություն ուներ, ոչ հմտություններ ու գիտելիք այդ գումարը ճիշտ օգտագործելու համար, սակայն բանկերը չէին վարանել, համագյուղացիների երաշխավորմամբ ստրկացրել էին ընտանիքի հորը:
Այս տղան մեզնից խնդրեց իր պարտքերը մարել: Սակայն մենք այլ ճանապարհով գնացինք: Հորը դժվար թե օգնել լիներ, բայց երեխաներին վստահաբար: Որոշեցինք և կառուցեցինք ջրամբար և սանհանգույց` երեխաներին առողջություն և կյանք պարգևելու հույսով, նաև դպրոցական պարագաներ նվիրեցինք:
Բայց պատմությանս նպատակը սա չէր: Սրա մասին էլի գրել էի:
Այս պատմության մեխը մարդկանց գործելու ազատություն տալը, հնարավորություն և միջայր ստեղծելն է: Սրա միակ երաշխիքը ենթակառուցվածք ստեղծելն է` տնտեսական (ճանապարհ, կապ, էլեկտրականություն, գազ, ջուր, աղբահանություն-մշակում) ու սոցիալական (հիվանդանոց, դպրոց, սոցիալական ծառայություններ):
Բոլոր աղքատ բնակավայրերը, որ այցելել եմ, պատկերը նույնն է: Մարդիկ շատ են աշխատում, տանջվում ու չարչարվում, բայց հիմնականում էլի աղքատ են: Պատճառը ենթակառուցվածքների ոչ թե վատ լինելն է, այլ ուղղակի բացակայությունը: Իսկ հարկերը բացարձակապես էական չեն:
Երեկ Խնձորուտ այցը միևնույն պատկերն էր ցուցադրում: Մարդիկ կտրված են երկրից, ճանապարհ չկա, կյանքի աղբյուր` ջուրն էլ խոշոր հաշվով նրանց անհասանելի է:
Կորզող համակարգը շուրջ քսան տարի նրանց ստրկացրել էր, նրանց ուղեղում մտցնելով բարեգործի սուրբ պատկերը: Դրա համար նույնիսկ գործիքներ են եղել, օրինակ եթե անասուն ունես, ապա աղքատության նպաստ չես ստանա, իսկ շատերը միամտաբար ազատվել էին իրենց սնող կենդանուց, և դարձել բարեգործի և նպաստի ստրուկ:
Պետությունը պարտավոր է ստեղծել միջավայր որտեղ քաղաքացին կաշխատի, կարարի և կստեղծի: Զարգացում չի կարող տեղի ունենալ, երբ մարդը ջուր չունի, երբ մարդը ճանապարհ չունի, երբ մարդը բժշկի ծառայությունից չի կարողանում օգտվել, երբ մարդը կրթություն չի ստանում:
Սուբվենցիաներ տալու գոյություն ունեցող համակարգը կրկին կորզող ու ճորտատիրական է: Այն թվում է թե կա, սակայն դրանից օգտվելը գրեթե անհնար է, գործընթացն ու համակագը կրկին հարմարեցված է մարդուն կախման մեջ գցելու ակնկալիքով:
Ու՞մ են պետք ձևական անվճար բուժումները, երբ բուժհաստատություն ու բժիշկ չկա, ու՞մ են պետք վարկային տոկոսադրույքների համաֆինանսավորում կոչեցյալը, երբ մարդը կարողություն ու գիտելիք չունի դրանից օգտվելու համար: Եվ ու՞մ են պետք ընդհանրապես այդ ծրագրերը, երբ մարդիկ դրանց մասին նույնիսկ տեղյակ էլ չեն:
Եվ այս պայմաններում հետզհետե մարմնավորվում է բարերարի ուրվականը: Պետության անգործության պայմաններում մարդիկ սպասում են բարերարի փրկությանը, սպասում են իրենց փրկչին` ժպտադեմ և վեհանձն մեծն խոշոր սեփականատիրոջը: Ով կգա ճանապարհ սարքելու, ջուր քաշելու, ատամ բուժելու, կրթության միջոց տալու:
Միայն թե նրանք չեն մտածում կամ ընկալում, թե որն է դրա գինը, իսկ դրա գինը վերաբովյանացումն է` ստրկացումը: Այն ինչից թվում է թե ազատագրվել են հեղափոխությամբ, սակայն խոստացված այլընտրանքը չտեսնելով կրկին ստրկանում են, և որ ամենազարհուրելին է, այս մի ստրկացումը ինքնակամ է, թեկուզ և չգիտակցված:
հ.գ.
Շարունակելու ենք սահմաններ և աղքատ գյուղեր այցերը, ոչ թե նկարվելու ու հուզական տեքստեր գրելու համար, այլ փորձելու ենք եղած վատ ու անհասկանալի գործընթացներից գյուղացիների հետ միասին գլուխ հանել, և փորձել գյուղերում ենթակառուցվածքներ ունենալ պետության նրանց հասանելի միջոցներից և ոչ միայն:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: