Արտերկրում գործող հայկական վարժարաններում, նախակրթարաններում և դպրոցներում դասավանդող հայագիտական առարկաների մանկավարժները մեկ ամսվա ընթացքում կվերապատրաստվեն Հայաստանում: Դասընթացների մեկնարկը տրվեց հուլիսի 1-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանում գտնվող մանկավարժների համար կկազմակերպվեն հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր, մշակութային ծրագրեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ներկա մանկավարժները սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն են և ամեն անգամ Հայաստան գալով ուսուցման նոր մեթոդներ կիրառելով էլ ավելի են ուժեղացնում այն կրթական հաստատությունների դիրքն ու դերը, որոնք ներկայացնում են:
«Այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթական մեկ դաշտ: Վերապատրաստումներն այնքանով են կարևոր, որ մենք ձեզանից լսում ենք այն խնդիրները, որոնք կան համայնքներում և դասավանդման մեթոդաբանությունը փոփոխում ենք ըստ այդ խնդիրների, դրանց լուծում տալու համար»,- ասաց նա:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, դասընթացների կազմակերպիչ Սուրեն Դանիելյանն էլ նշեց, որ Մանկավարժական համալսարանում գործող գիտաուսումնական կենտրոնը պատիվ է ունեցել նորանկախ Հայաստանում լինելու սփյուռքահայ ուսուցիչների նոր ազգային բովանդակությամբ բարեփոխված դասընթացների նախանձախնդիր պետական մանկավարժական հաստատությունը:
«2000 թվականից հանրապետության նախագահների անմիջական հոգածությամբ մենք կարողացանք վերստեղծել երբեմնի երկչոտ սփյուռքահայ ուսուցիչների խորհրդային բովանդակությամբ վերապատրաստություններն ու այն ուղղորդելու նոր փուլ: Մեզ հավանաբար հաջողվեց անցած քսան տարիներին ստեղծել կուռ միասնական մի դարբնոց, որտեղ գլխավոր թիրախը ոչ այնքան սփյուռքահայ ուսուցիչների այսօրվա վերապատրաստության խնդիրներն էին, այլ վերապատրաստումից անցում պատրաստության»,- ասաց Դանիելյանը:
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից: Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:
Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր: