Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ: Ինչպես ԱԺ-ում պատվիրակության անդամների ասուլիսում հայտնեց Զոհրաբյանը՝ ինքը, կարծես, այս հարցում համախոհներ ունի ԵԽԽՎ-ում:
«Ես խոսեցի մի կարևոր խնդրի մասին, որ Եվրոպայի խորհրդում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Կարծես, խորհրդում ունեմ համախոհներ, որոնք ինձ միանալու են: Դեռևս 1960 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան, որը վավերացված է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքը ոտնահարելու համար: Խոսքը վերաբերում է նաև Արցախի բնակչության ուսանողների կրթական իրավունքին, նաև՝ առողջապահական իրավունքին, որն, ըստ էության, մեծապես ոտնահարված է »,- ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեց նաև, որ 2007-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում բոլոր եվրոպական ինստիտուտներին, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդին ակտիվ կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ: Զոհրաբյանը հույս ունի, որ կկարողանան ստեղծել այդ աշխատանքային խումբը, ինչը հնարավորություն կտա չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողների մեզ համար անչափ կարևոր կրթական իրավունքը եվրոպական տարածքում իրացնել: Պատգամավորը նկատեց, որ այդ ուսանողների դիպլոմների չճանաչվածության խնդիր կա, Բոլոնիայի գործընթացի բոլոր ծրագրերից նրանք դուրս են մնում: Զոհրաբյանը շեշտեց, որ չճանաչված պետությունների բնակիչները պետք է զրկված չլինեն եվրոպական կրթական և առողջապահական ծրագրերում ներգրավվածությունից: