Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ օծանելիք արտադրողների ընտանիքից է սերում: Այնուամենայնիվ, նա ոսկե հետք է թողել ֆրանսիական բույրերի աշխարհում՝ 1999թ. կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակելով «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար:
46 տարեկանում նա ավելի քան հարյուր օծանելիքի հեղինակ է, եւ նրա անունն այժմ հայտնվում է շքեղության ու գեղեցկության ապրանքատեսակներ արտադրող խոշոր բրենդների կողքին: Դեռ պատանեկության տարիներին էր Քյուրքչյանը որոշել օծանելիք պատրաստել, իսկ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտիե նորաձեւության տան համար: Այսօր շքեղության առարկաների համաշխարհային արդյունաբերությունը հարգանքով է վերաբերվում նրա բուրմունքներին, իսկ 2009թ. Մարկ Շայայի հետ նրա համահիմնադրած «Maison Francis Kurkdjian» («Ֆրանսիս Քյուրքչյան տուն») ընկերությունը շարունակում է ընդլայնվել Ֆրանսիայում եւ աշխարհով մեկ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում:
Աշխարհով մեկ շրջելով
Ֆրանսիսի հայրը՝ Պետրոս Քյուրքչյանը, որը ծնվել է 1936 թվականին Անդրանիկ Քյուրքչյանի եւ Նվարդ Պարթեւյանի ընտանիքում, ընտանեկան հիշողությունները պահպանողն է: Նա պատմում է իր մոր հայրիկի՝ Միհրան Պարթեւյանի պատմությունը: Միհրանը դպրոցի ուսուցիչ էր Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում: «Իմ պապն ինչ-որ առումով նշանավոր դեմք էր, որն ուսուցանում էր թե՛ ունեւոր, թե՛ համեստ ընտանիքների երեխաներին»,- ասում է նա: Հրաշք էր, որ 1915-ի ապրիլին օսմանյան մայրաքաղաքում տեղի մտավորականների ձերբակալության եւ տեղահանության ժամանակ Միհրանին վիճակված էր լինել Ստամբուլի մոտ գտնվող Փրինս կղզիներում եւ այդպիսով խուսափել արտաքսումից:
Միհրանի որդի ու Նվարդի եղբայր Արա Պարթեւյանը նույնպես նրա հետ էր: Արան առաջինն էր ընտանիքից, որը 1922թ. բնակություն հաստատեց Ֆրանսիայում: «Քեռիս ընտանիքի համար դեպի Ֆրանսիա կամուրջ դարձավ,- շարունակում է Պետրոսը,-պատերազմն ընթացքի մեջ էր, եւ որպեսզի թուրքերի ձեռքը չընկնի, ստիպված էր կնոջ կերպարանքով աննկատ նստել մի նավակ»: Ֆրանսիայում Արան կոմպոզիտորի եւ դիրիժորի փայլուն կարիերա ունեցավ: Նա նաեւ առաջիններից մեկն էր, որ 1945թ. վինիլային սկավառակների վրա ձայնագրեց հայկական աշխարհիկ ու հոգեւոր երգերը:
Անդրանիկ Քյուրքչյանը՝ Պետրոսի հայրը, ծնվել է 1895թ. Բուրսայում, որը գտնվում է արեւմտյան Անատոլիայում: Ի սկզբանե լինելով մորթեգործ՝ նա հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը: 1922թ. նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ էլ երկու տարի անց նրան միացավ կինը՝ Նվարդը: Նրա առաջին կանգառը եղել է Մարսելը, ապա Լիոնը, որտեղ էլ նա դարձավ մետաքսագործ, մինչեւ ի վերջո կրկին կվերադառնար դերձակությանը: Անդրանիկն ու Նվարդը Կոստանդնուպոլսում ֆրանսիական դպրոց էին հաճախել եւ նոր երկրի կյանքին ինտեգրվելու որեւէ դժվարություն չունեցան: Անդրանիկը շատ էր ճամփորդում, իսկ 1941 թվականին նույնիսկ փախավ Լենինգրադի պաշարումից: Ե՛վ Անդրանիկը, եւ՛ Նվարդը՝ Ֆրանսիսի հայրական պապն ու տատը, մահացան 1975թ.
Ամբողջությամբ՝ auroraprize.com