Մեդիա դաշտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում նախորդ հինգ տարիների համեմատ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ դատական հայցեր են ներկայացվել տարբեր ԶԼՄ-ների դեմ: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի հետ:
– Պարո՛ն Ենոքյան, վերջերս հրապարակվել է վիճակագրություն, համաձայն որի, Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր ԶԼՄ-ների ավելի շատ են դատի տվել, քան նախորդ հինգ տարիների ընթացքում միասին վերցրած: Ինչի՞ մասին է խոսում այս փաստը:
– Այս հարցը դիտարկենք երկու տարբեր հարթություններում: Առաջինը խոսում է այն մասին, որ փորձ է արվում դատերի միջոցով լռեցնել ԶԼՄ-ներին: Հայտնի է, որ ԶԼՄ-ների ոչ ֆինանսական, ոչ կազմակերպական վիճակը Հայաստանում շատ բարվոք չէ: Այսինքն՝ դատի տալը նշանակում է հսկայական ծախսեր ու ամենակարևորը՝ ժամանակի շատ մեծ կորուստ: Այսինքն՝ այս իմաստով պետք է նշել, որ սա ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման, նրանց լռեցնելու փորձ է: Մյուս հետաքրքիր կողմն էլ այն է, որ իշխանական տարբեր ամբիոններից մենք անընդհատ լսում ենք, որ պետք է մտածել ԶԼՄ-ներին լռեցնելու կամ ԶԼՄ-ներին պատասխանատվության ենթարկելու այլ՝ արտադատարանական մեխանիզմներ: Սակայն մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ, օգտագործվում են դատական մեխանիզմները: Սա վկայում է այն մասին, որ արտադատարանական մեխանիզմների կամ նոր օրենսդրության պահանջ առանձնապես չկա:
– Դասական մեդիայի համար կա՞ն մեխանիզմներ, որոնցով հնարավոր է պաշտպանվել զանգվածային դատական հայցերից: Ի՞նչ պետք է անի մամուլը նման խնդիրների դեպքում:
– Մեխանիզմներից մեկը կարող է լինել լրատվամիջոցների համերաշխությունը: Երբեմն տարբեր մտացածին պատճառներով փորձում են մամուլին լռեցնել՝ պարզապես նրանց ներքաշելով տարբեր դատերի մեջ: Բոլոր լրատվամիջոցները պետք է օժանդակեն միմյանց և դրանով, կարծում եմ, դատի տվողների ախորժակը կփակվի: Այսինքն՝ դատի տալով մի լրատվամիջոցի՝ նրանք կհայտնվեն բոլորի թիրախում: Ես այդ մեխանիզմն եմ տեսնում:
Ամբողջությամբ՝ tert.am