Այս տարվա հուլիսի սկզբներից հանրության ուշադրությունը սևեռված է Սևանին՝ լճի շուրջ ստեղծված իրավիճակի տարաբնույթ, հակասական մեկնաբանությունների պատճառով: Կարծիքները բազմաթիվ են, սակայն հստակ իրականությունը մեկնաբանելու, բնակչությանը հասու դարձնելու ճանապարհները շատ ավելի սահմանափակ են, քան ապատեղեկատվության արագ տարածման, խուճապային տրամադրություն ստեղծելու հնարավորությունները:
Արմենպրես»-ը փորձում է պարզաբանել Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ Համբարձում Համբարձումյանի հետ հարցազրույցով:
–Պարոն Համբարձումյան, Դուք երկար տարիների աշխատանքային փորձ ունեք, բացի այդ, մեծացել եք Սևանա լճի ափին: Ի՞նչ կարող եք ասել Սևանի ծաղկման պատճառների մասին:
-Դրանք կարող են լինել մի քանիսը, ընդ որում՝ իրարով փոխպայմանավորված: Պատճառներից մեկը կարող է լինել Սևանա լիճ թափվող կոյուղիների կեղտաջրերը, որոնք ամբողջությամբ լիճ են հոսում առանց զտման, և կենցաղային աղբի թափոնները: Պատճառներից երկրորդը կարող է լինել Սևանա լճի ափամերձ անտառների ջրածածկումը: Լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացին բուսական շատ տարածքներ, որոնց նեխումը կարող էր բերել նման անցանկալի երևույթների: Պատճառներից մեկն էլ ձկնային պաշարների խիստ կրճատումն է, որոշ տեսակների, հիմնականում կողակի գրեթե անհետացումը: Հաշվի առեք, որ եթե նախկինում մենք Սևանա լճում ունեինք մինչև 60 հազար տոննա ձկնային պաշար, ապա դրանք սնվում էին միկրոօրգանիզմներով, որպեսզի հավաքեին իրենց բավարար քաշը, որպեսզի կարողանային վերարտադրվել: Այսօր այդ միկրոօրգանիզմները, ձկներին կեր դառնալու փոխարեն նեխում են՝ տասնյակ հազարավոր տոննաների չափով: Պատճառներից մեկն էլ լճի ջրի մակարդակի կտրուկ տատանումներն են, որոնք հիմնականում տեղի են ունենում Սևանա լճից իրականացված ջրառի արդյունքում: Ջրի մակարդակի կտրուկ նվազեցումն անպայման նպաստում է ջրիմուռների զարգացմանը: Իսկ հիմնական պատճառներից մեկը ԽՍՀՄ տարիներից լիճ հոսած արտադրական ու կենցաղային թափոնների առկայությունն է: Այդ թափոնները միայն ընդամենը մեր աչքից են հեռու մնացել, սակայն ակտիվորեն գործում են լճի հատակում՝ շարունակելով ավելացնել վտանգավոր նյութերի առկայությունը: Այդ տոքսիկ նյութերը աշնան ու ձմռան ընթացքում իրենց մեջ կլանում են ջրիմուռները, որոնք ակտիվանում են հատկապես ամռանը՝ ավելացնելով ծաղկող տարածքների մակերեսները: Եվ այս ամենից պետք է շատ արագ ու լուրջ հետևություններ անել:
–Ի՞նչ է հարկավոր անել՝ իրավիճակը փրկելու համար:
–Առաջին՝ պետք է անհապաղ միջոցներ գտնել՝ Սևանա լիճ հոսող կոյուղիների գլխամասերում մաքրման կենսաբանական կայաններ տեղադրելով: Ես շատ լավ եմ հիշում, որ իմ մանկության տարիներին ընտանիքները համատարած միայն սև օճառ էին օգտագործում կենցաղում, որը նույնիսկ կարելի էր «համտեսել» ու չթունավորվել: Հիմա մարդիկ կենցաղում օգտագործում են բազմաթիվ թունավոր փոշիներ, հեղուկներ, որոնք առանց զտման հոսում են լիճ: Ցանկալի կլիներ նախ մաքրման կենսաբանական կայանները տեղադրել Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքների մեխանիկական մաքրման կայաններին կից, ապա նոր աստիճանաբար մտածել մյուս բնակավայրերի կոյուղացման և դրանց գլխամասերում մաքրման կենսաբանական կայաններ տեղադրելու մասին: Երկրորդ՝ պետք է սահմանափակել Սևանից իրականացվող ջրառը: Այն տարեկան չպետք է գերազանցի օրենքով սահմանված ծավալները՝ 150-170 միլիոն խորանարդ մետրը: Միաժամանակ պետք է մտածել Որոտանի ջրերը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ տեղափոխելու մասին, որպեսզի Սևանի մակարդակի բարձրացումն ավելի արագ ու կայուն տեղի ունենա: Երրորդ՝ պետք է անհապաղ մաքրվեն թե արդեն ջրածածկված, թե ջրածածկման ենթակա Սևանի ափամերձ բոլոր անտառային տարածքները, որպեսզի Սևանը նախապատրաստվի իր մակարդակի անվտանգ բարձրացմանը, և բացառվեն նաև նեխման պրոցեսները: Չորրորդ՝ պետք է քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարի կտրուկ ավելացման ուղղությամբ: Լավ կլինի, որ մեկ-երկու տարով բացառվի ձկնորսությունը Սևանա լճում, որպեսզի ձկնապաշարը բնական ճանապարհով բազմանալու հնարավորություն ունենա: Իսկ եթե դա դժվար կամ անհնար է սոցիալական գործոնի պատճառով, ապա գոնե պետք է բացառվի մանրաձկան որսը, իսկ ձվադրության շրջանում հայտարարված արգելքները կրեն գործնական, այլ ոչ թե ձևական բնույթ: Հինգերորդ՝ պետք է օգտագործել արդի աշխարհի գիտական միտքը՝ լճի հատակում գոյացած ջրիմուռների ակտիվ օջախները չեզոքացնելու համար:
–Խուճապն ավելի է ահագնացել առանձին համայնքներում գրանցված խոշոր եղջերավոր անասունների անկումների դեպքերից: Դրանք տեղի են ունեցել Սևանա լճի ափամերձ հատվածներում, ինչն էլ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, թե Սևանա լճի ջուրը թունավորված է այն աստիճան, որ հանգեցնում է նման ծանր իրավիճակների:
–Մեր կողմից լճափնյա ինը տարբեր հեռավորություններից ջրի նմուշներ են վերցվել, որոնք ուղարկվել են փորձաքննությունների: Փորձաքննության փուլում են նաև այն նմուշառումները, որոնք կատարվել են ՀՀ սննդի անվտանգության տեսչության կողմից: Մինչև չհրապարակվեն փորձաքննության արդյունքները, հստակ ոչինչ չենք կարող ասել, թեև կարծում եմ, որ այդ անասունների անկման պատճառը չի կարող լինել Սևանա լճի ջուրը, քանի որ լճի ջրով ջրվում են հազարավոր գլուխ կովեր, այլ կենդանիներ: Դրա հիմնական պատճառը ես կապում եմ առանձին բույսերից թունավորվելու հետ: Ամեն դեպքում, պետք է սպասենք փորձաքննությունների արդյունքների հրապարակումներին :
–Ի՞նչ ունեք ավելացնելու այս հրատապ թեմայի շուրջ:
–Ես կոչ եմ անում բոլորին՝ հավատ ընծայել միայն պաշտոնական տեղեկատվությանը, չտարածել անծանոթ, պատահական աղբյուրների տարածած ապատեղեկատվությունը, չմատնվել ավելորդ խուճապի: Միաժամանակ ամենքս պետք է մտահոգ լինենք Սևանի ճակատագրով՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրիցս է կախված Սևանա լճի մաքրության պահպանումը, նրա փրկությունը: Եթե ամեն մեկս գիտակցենք, որ Սևանի փրկությունը առաջին հերթին մեր ձեռքերում է, ապա կառավարությանը քիչ անելիք կմնա: Մի մոռացեք, որ մեր թափած աղբը, մեր բնակարանների կամ օբյեկտների կեղտաջրերն են ամեն ակնթարթ շարունակում ապականել Սևանը: