
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել:


Կացարանում կատարված պեղումների արդյունքում համոզվել են, որ ամրոցը միաշերտ հնավայր է: Մշակութային այլ շերտեր չկան: Կացարանում հայտնաբերել են խեցեղենի մնացորդներ, իլիկներ, անգամ կաթնամթերքի վերամշակման համար նախատեսված անոթներ, որոնք վկայում են այն մասին, որ ամրոցի տարածքում խաղաղ բնակիչներ են ապրել ու կենցաղ վարել: Առայժմ ավելի բարդ է այս հնավայրում թաղման ծեսերի մասին տեղեկություններ ստանալը: Առայժմ ամբողջությամբ մեկ դամբարան են հնագետները պեղել, որտեղ ուղեկցող նյութեր չեն հայտնաբերել:
«Պեղված դամբարանը թալանված է եղել հնում: Մենք չենք կարող նշել, թե պեղված դամբարանը և ամրոցը համաժամանակյա են, թե ոչ: Դրա համար նախաձեռնեցինք երկրորդ դամբարանի պեղումները, որով պետք է փորձենք հասկանալ ամրոցի շրջակայքում կատարված թաղումների և հենց ամրոցի կապը: Ամրոցը միաշերտ հուշարձան է և կարող է թվագրվել մ.թ.ա․ 7-5-րդ դարերի »,- SHANTNEWS.am-ին ասել է Հայ-գերմանական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բենիկ Վարդանյանը:
Ամրոցի ներսում նաև զոհասեղան է հայտնաբերվել: Մեծ ու տարբեր չափերի անցքերով քարը նախատեսված է եղել կենդանիների զոհաբերության համար: Մ.թ.ա․ 7-5-րդ դարերում կենդանիներին կապելու, իսկ զոհաբերելուց հետո արյունը հոսելու համար հատուկ անցքեր ու ելուստներ են կիրառել:
Լեռնակերտում առաջին անգամ են պեղումներ կատարում: Ամրոցի ու դամբարանադաշտի ժամանակագրական կապը հաստատող տվյալներ կան, բայց դրանք դեռ քիչ են: Առայժմ հստակ չէ, թե ամրոցի ու դամբարանների կողքին եղե՞լ է արդյոք բնակավայր, և եթե եղել է, ապա որոնք են սահմանները: Բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար հնագիտական ուսումնասիրությունները գոնե առաջիկա տարիներին Լեռնակերտում պետք է շարունակվեն: