Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին.
1. Վենետիկի հանձնաժողովը ընդունել է, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա: Այն եզրակացրել է, որ համընդhանուր վեթինգը իմպերատիվ չէ, սակայն պետք է վերանայել Դատական օրենսգիրքը և ամրապնդել դատական համակարգի կարգապահական ընթացակարգերը: Այսպիսով, այն չի ժխտել խնդիրը, պարզապես վեթինգի փոխարեն առաջարկել է այն լուծելու այլ տարբերակներ: Վեթինգն, իսկապես, այդ խնդիրը լուծելու միայն մի տարբերակ է, և պետք է իշխանությունների հետ աշխատել կարգապահական մեխանիզմների ամրապնդման, դատավորների բարեվարքությունն ու բարձր էթիկան ապահովելու և նրանց կոռումպացվածությունն արմատախիլ անելու ուղղությամբ:
2. Վեթինգի հարցում Վենետիկի հանձնաժողովի վերապահումները կարող են պայմանավորված լինել հետևյալ գործոններով.
– Ալբանիայում վեթինգի գործընթացում լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես օրինակ` քաղաքական միջամտությունը, դատաիրավական համակարգի անցյալ տարվա ճգնաժամը ու դատական գործերի կուտակումը: Ես և այլ փորձագետներ հենց սկզբից զգուշացրել ենք ալբանական մոդելը կրկնօրինակելու ռիսկերի և ուրիշների դասերը հաշվի առնելով` ազգային կոդելի մշակման անհրաժեշտության մասին: Ցավոք, դա տեղի չունեցավ:
– Հնարավոր է, որ Վենետիկի հանձնաժողովը նկատեց, որ վեթինգի մշակման գործընթացը սխալ հունով է սկսել ընթանալ: ԲԴԽ-ի կողմից վեթինգ անելը այս փուլում շարունակում է մնալ խիստ խնդրահարույց: Ավելի լավ է վեթինգ չանել, քան այն սխալ անել:
– Իշխանությունները վեթինգի հարցի շուրջ այդպես էլ չանցկացրեցին խորհրդակցություններ քաղաքական այլ ուժերի հետ` դրանով իսկ արժեքազրկելով արդեն անցկացված հանրային լսումները:
– Բացի այդ, վեթինգի հայտարարությունը ուղեկցվեց դատարանների մուտքը փակելու ակցիայով, որն անբարենպաստ մթնոլորտ ստեղծեց այդ գործընթացի համար:
– Վենետիկի հանձնաժողովը պետք է որ նկատած լինի վեթինգի հարցում հանրային համերաշխության բացակայությունը:
3. Այս զարգացման դասերից մեկը կարող է լինել այսպիսի նախաձեռնությունների նախօրոք, այլ ոչ թե պոստ ֆակտո բանակցումն ու համաձայնեցումը համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ»: