Այն մասին, որ Շիրակի դաշտավայրը հնագիտական ու պատմագիտական հարուստ շերտեր է թաքցնում, վկայում են հայ և օտար հնագետների համատեղ պեղումները: Ներկայիս բնակավայրերից ու գյուղերից շատերը կառուցված են հին բնակատեղիների կամ դամբարանադաշտերի վրա, որոնք, հաճախ է լինում, որ ի հայտ են գալիս ոչ միայն մասնագիտական ուսումնասիրությունների, այլև սովորական հողային աշխատանքների ժամանակ:
Այդպես է եղել Սառնաղբյուր գյուղում: Իր տնամերձում փորման աշխատանքների ժամանակ մի քանի տարի առաջ Ռուզվելտ Թորոսյանը 14 դամբարան է հայտնաբերել, որոնց հիմնական մասը դեռ մասնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել:
Ռուզվելտ Թորոսյանը տան բակում առաջին դամբարանը հայտաբերել է մոտ 30 տարի առաջ: Տնամերձ հողամասում զուգարանի համար փոս է փորել, հողաշերտը հեռացնելուց հետո բահի շեղբը դեմ է առել անսովոր մեծության սալաքարի, հետաքրքրությունից ելնելով շարունակել է փորել ու տեսել է, որ գտածը սովորական քար չէ, այլ դամբարանի վերնամաս:
«Զգացի, որ կողքերից էլ են մեծ, անմշակ տուֆ քարեր տեղադրված, էդ քարերը հանեցի, ու շարունակությունը մոտ 2 մետր էլի տուֆից անտաշ ու անմշակ քարեր էին շարված»,- պատմում է Սառնաղբյուր գյուղի բնակիչ Ռուզվելտ Թորոսյանը:
Հայտնաբերած դամբարանի տարածքը հետագայում դարձնում է կարտոֆիլի պահեստարան, սկսում է լայնացնել ու իր սեփական ուսումնասիրություններն իրականացնել:
ամբարանները մոտ 3 մետր խորության են, իսկ ծածկաքարերը շարված են հատուկ տեխնոլոգիայով, միջնամասերում սեպաձև քարեր՝ քիվիթներ են տեղադրված, որոնք հավանաբար առաստաղի հսկա քարերը փլուզումից պաշտպանելու դեր են կատարել: Դամբարանի ներսում լցված հողաշերտն էլ տարբերվում է՝ ավելի փափուկ է ու փխրեցված:
Տանտիրոջ, այսպես ասած, ոչ մասնագիտական պեղումները շարունակվում են նաև հիմա: Տան նկուղի տարածքն է փորձել ընդլայնել ու կրկին հսկա քարերի է հանդիպել: Հարմարեցված գործիքներով հողաշերտն է հեռացնում, փորձում է գտնել դամաբարանի մուտքը:
Ամբողջությամբ՝ shantnews.am