«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Խեցգետինը Սեւանա լճի «անձնագիր» չունի, այլ կերպ՝ կողակի, իշխանի պես էնդեմիկ չէ: Սեւանի «գրանցում» է ստացել 80-ականների վերջին եւ հարմարավետ տնավորվել: Այնքան հարմարավետ, որ միայն 2011թ. Հայաստանից արտահանվել է 1066 տ խեցգետին:
Իսկ այսօր ունենք խեցգետնի պաշարների խզում: Այդ պաշարները, սակայն, վերականգնել է պետք: Դա անհրաժեշտություն է. ինչպես մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, Սեւանա լճի բնական վիճակը վերականգնելուն օգնելու քայլերից մեկն է: Խեցգետնի պաշարները որոշ չափով կվերականգնվեն (եթե թողնեն մեծանա, որս չլինի) 3-5 տարում, իսկ արդյունագործական պաշարները վերականգնելու համար 8-10 տարի կպահանջվի (հազարավոր տոննաներ, ինչպես 10 տարի առաջ էր):
Խեցգետինն էլ մեզ կօգնի Սեւանը մաքրելու հարցում: Ճիշտ է, կողակի պես մինչեւ 30-40 մ խորություններում չի լինում, բայց 5-15 մ-ին հասնում է: Կողակի պես, այսպես ասենք, սանիտարի դեր է տանում»: