«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը։
Այսօր Մինասի ծննդյան օրն է։ Ծնվել է 1928 թվականին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։
Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ: Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է նկարիչը։
Ավելի մանրամասն՝ panorama.am