Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2019»-ը, որտեղ Հայաստանը 129 երկրների շարքում 33,98 միավորով զբաղեցրել է 64-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 4 հորիզոնականով բարելավելով դիրքը։ Հատկանշական է, որ Հայաստանը արդեն համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր և այդ խմբի 34 երկրների շարքում ԳԻԻ-ով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանի դիրքային հարևաններն են Կատարը՝ 65-րդ հորիզոնականում և Հարավային Աֆրիկան 63-րդ հորիզոնականում։ Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 84-րդը, Թուրքիան՝ 49-րդը, իսկ Իրանը՝ 61-րդը։ Նախորդ տարվա ցանկի առաջատար Շվեյցարիան, պահպանել է իր դիրքը՝ 67,24 միավորով, եռյակն ամփոփում են Շվեդիան և ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 63,65 և 61,73 միավորներով, իսկ տասնյակը լրացնում են Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Դանիան, Սինգապուրը, Գերմանիան և Իսրայելը։
Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում Գլոբալ ինովացիոն ինդեքսով առաջատարներն են Չինաստանը, Մալազիան և Բուլղարիան։ Զեկույցում Հայաստանը Արևմտյան Ասիայի խմբի երկրների շարքում համարվել է այն երկրներից, որոնք տարեցտարի աճ են ապահովում իրենց ցուցանիշներով։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառվել է անկում գրանցող երկրների շարքում։
Գլոբալ ինովացիոն ինդեքսը կազմվում է 80 տարբեր ինդիկատորների միջոցով, որոնք խմբավորված են 7 ուղղությունների մեջ: Ինովացիոն ներդրանքի (input) ենթաինդեքսի հիմնական 5 ցուցանիշային խմբերն են՝ ինստիտուտները, մարդկային կապիտալ և հետազոտությունները, ենթակառուցվածքները, շուկայի զարգացումը, գործարար զարգացումը, իսկ արդյունքային ենթաինդեքսի 2 խմբերը՝ գիտական ու տեխնոլոգիական արդյունքները և կրեատիվությունը։ Ինովացիոն ներդրանքի ենթաինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը 39,36 միավորով, իսկ արդյունքային ենթաինդեքսով 50-րդ տեղը 28,60 միավորով:
Հայաստանը նախորդ տարվա համեմատ Ինստիտուտների ցուցանիշների խմբով դիրքը բարելավել է 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը, մարդկային կապիտալ և հետազոտություններ խմբով՝ 107-րդ տեղը 110-ի փոխարեն, ենթակառուցվածքներով 85-րդը 93-ի փոխարեն, շուկայի զարգացմամբ 55-րդը 81-ի փոխարեն, գիտական և տեխնոլոգիական արդյունքներով 54-րդը 62-ի փոխարեն։ Կրեատիվությամբ Հայաստանը պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ 48-րդ հորիզոնականը և հետընթաց գրանցել միայն գործարար զարգացմամբ՝ զբաղեցնելով 89-րդը՝ նախորդ տարվա 88-ի փոխարեն։