Հայ հասարակությունը, ինչպես 2017թ․ երբ քննարկվում էր «Ընտանեկան բռնության դեմ» օրենքը, դարձյալ փոթորկված է, կապված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման հետ։ Իհարկե, այս ամենին չէր կարող անհաղորդ մնալ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ), որն էլ հանդես եկավ հայտարարությամբ։ Հետաքրքրական է , որ հայտարարությունն ընդունել են ՀԱԵ եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդները, այլ ոչ քահանաները։ Հարց է առաջանում, չէ՞ որ եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդները կուսակրոններ են, հետևաբար չափահաս տարիքից հետո, նրանք պետք է որ ամբողջովին հեռու լինեն ինչպես կանանցից, այնպես էլ ընտանեկան կյանքից։
Բայց հետաքրքրական է հայտարարության , հատկապես մեկ հատված, կապված աստվածաշնչային կնոջը տղամարդու կողոսկրից ստեղծելու պատմության հետ։
«Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1)»:
Չե՞ք կարծում, որ կնոջ ստեղծման հենց այս վարկածն արդեն նրան դնում է տղամարդու հանդեպ ստորադաս վիճակում, ինչպես և ասված է նույն Աստվածաշնչում․
««Եվ կարգեց Աստված մարդուն Եդեմի այգում, որպեսզի պահպանի և կատարելագործի նրան»։ Հետո Աստված ստեղծել է բոլոր գազաններին ու թռչուններին և բերել նրանց մարդու մոտ, որպեսզի վերջինս նրանցից իր համար օգնական գտնի։ Այնուամենայնիվ, համապատասխան օգնական չի գտնվել, ուստի Աստված թմրեցրել է (քնեցրել) Ադամին, վերցրել նրա մի կողը և այդ կողից ստեղծել առաջին կնոջը՝ Եվային, ով էլ դարձել է առաջին տղամարդու առաջին կինը՝ կողակիցը»։
Այսինքն կինը ստեղծվել է, որպես տղամարդու օգնական։
Եվ արդյոք, այս ստորադասությունը չի՞ նաև պատճառը կանանց նկատմամբ բռնությունների։
Այս կապակցությամբ կուզենայի իմանալ ՀԱԵ-ի հետևորդ մեր հավատացյալ քաղաքական-հասարակական գործիչների կարծիքը․․․ և ընդհանրապես մարդու ծագման վերաբերյալ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: