Ռեփեր Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է համացանցի օգտատերերին ու հատկապես Beatlesհանրաճանաչ խմբի երկրպագուներին:
Տոնելու համար իր նոր ալբոմի՝ «Care Package»-ի հաջողությունը, որով նա կարողացել է Billboard-ի «Լավագույն 200 ալբոմները» չարթում 9-րդ անգամ դառնալ առաջինը, ինչպես նաև մի շարք այլ չարթերում հայտնվել գլխավոր հորիզոնականում, Դրեյքը նոր դաջվածք է արել իր ձեռքի վրա: Դաջվածքը Beatles-ի՝ հայտնի Էբբի ռոադ փողոցում նկարած լուսանկարն է, որտեղ խմբի անդամները ճանապարհային անցումն են հատում:
Ռինգո Սթարի, Փոլ ՄաքՔարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ջոն Լենոնի դիմաց, սակայն, պատկերված է նաև Դրեյքը, որը ձեռքը վերև բարձրացրած կարծես առաջնորդում է նրանց:
Լեգենդար խնբի երկրպագուները շտապել են հայտնել իրենց դժգոհությունը Twitter-ում և նրանցից մեկը գրում է.
«Beatles խումբն ունի ավելի շատ համար 1 սինգլներ, վաճառված երգեր ու ալբոմներ քան ցանկացած որևէ մեկն, ով ունի համար 1 ալբոմներ: Խումբը դեռ միլիոնավոր ալբոմներ ու երգեր է վաճառում առանց նույնիսկ սթրիմինգ հարթակ ունենալու: Դրեյքը միայն իր մտքում կարող է անցնել Beatles-ին»:
Մեկ այլ երկրպագու գրում է. «Նարսիստին համապատասխան դաջվածք է: Եթե մարդիկ 50 տարի անց հիշեն Դրեյքի որևէ երգ, մենք մեծ սիրով կուլ կտանք մեր բառերը»:
Դրեյքի այս նոր դաջվածքը խորհրդանշում է 2018թ.-ին՝ Դրեյքի սահմանած ռեկորդը, երբ նա Billboard-ի «Hot 100» չարթի առաջին 11 հորիզոնականներում էր հայտնվել: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Beatles խմբին, որոնք 1964թ.-ին հայտնվել էին առաջին 10 հորիզոնականներում: