99 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, այժմ Փարիզի արվարձան հանդիսացող Սեւր քաղաքում կնքվեց Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ.) արդյունքներն ամփոփող Փարիզի խաղաղության վեհաժողովի 5 պայմանագրերից մեկը՝ Սեւրի պայմանագիրը, Օսմանյան կայսրության կառավարության եւ պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների եւ սլովենների թագավորություն, Հեջազ) միջեւ։
Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։
Սեւրի պայմանագիրը մեկն էր 1919-20թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովի 5 պայմանագրերից, որով որոշվում էին Առաջին աշխարհամարտում պարտություն կրած «Քառյակ միության» անդամ Օսմանյան կայսրության սահմանները:
Հետաքրքիրն այն է, որ մնացած 4 պայմանագրերը, այն է՝
– Վերսալի (Գերմանիայի հետ),
– Սեն-Ժերմենի (Ավստրիայի հետ),
– Տրիանոնի (Հունգարիայի հետ, որը կորցրեց իր տարածքի 72% եւ բնակչության 64%, այդ թվում ավելի քան 3 մլն էթնիկ հունգարացիներ, ելքը դեպի ծով, նավատորմը, անտառային պաշարների 87%, թուջի արտադրության 83%, ֆինանսա-բանկային համակարգի 67%)
– եւ Նեյի պայմանագիրը (Բուլղարիայի հետ) կյանքի կոչվեցին եւ մինչ օրս դրանցով որոշված եվրոպական մի շարք պետությունների սահմաններ մնում են անփոփոխ (բացառությամբ Երկրորդ աշխարհամարտից հետո կատարված փոփոխությունների)։
Եւ միայն Սեւրի պայմանագիրը՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված սահմաններով, բոլշեւիկա-թուրքական «խաղերի» արդյունքում մնաց որպես թղթի կտոր:
Այդ սահմաններով որոշվում էր այն նվազագույն կենսատարածքը, որը կարող էր (եւ է) ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը եւ լեզվամշակութային ինքնության պահպանումը: