Անցած օրը Նիկոլ Փաշինյանը վիճակագրական տվյալներ էր հրապարակել գործազրկության վերաբերյալ։
-2019թ. հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գարծազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6,4 տոկոսով,-գրել էր վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը շտապեց հակադարձել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը.
-ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազրկների թիվը կրճատվել է 6,4 տոկոսով։ Հիմա ես չեմ, դուք եք, բացել ԱՎԿ պաշտոնական կայքը եւ կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6,7 տոկոսով. 237 հազարից դառնալով 253 հազար։
Իրականում թե Նիկոլ Փաշինյանի, եւ թե Հրանտ Բագրատյանի հրապարակած տվյալները վերցված են ԱՎԿ պաշտոնական կայքից։ Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների, ապա Հրանտ Բագրատյանը ընդհանրապես գործազրկության մասին։ Սրանք տարբեր բաներ են։
Փաստն այն է, որ աշխատանք չունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում եւ գրանցվում զբաղվածության պետական գործակալությունում, որպես գործազուրկ։ Իրական գործազուրկների թիվը Հայաստանում անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնապես գրանցվածներին։
Պատահական չէ, որ մինչ վերջին տվյալներով Հայաստանում հաշվվում է 253 հազար գործազուրկ, զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների թիվը տատանվում է 63-65 հազարի սահմաններում։ Ըստ զբաղվածության գործակալության, տարվա առաջին վեց ամիսներին իսկապես այստեղ գրանցված գործազուրկների քանակը կրճատվել է միջին ամսական 6,4 տոկոսով։ Բայց դա այն ցուցանիշը չէ, որը տալիս է գործազրկության իրական պատկերը։
Գործազուրկների քանակը շատ ավելին է, քան պաշտոնապես գրանցվածներինը։ Ուստի տեղին չէ, այդ ցուցանիշների հիման վրա դատողություն անել գործազրկության վերաբերյալ, ինչը արել է Նիկոլ Փաշինյանը։