Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.
«Պլյուրալիզմ։ Այս բառն ինձ համար մեծ արժեք ունի, այն ամենաշատն էր ինձ աշակերտ եղած ժամանակ հետաքրքրել, երբ Գորբաչովը սկսել էր իր Гласность-ի ռեֆորմը։ Նույնիսկ չգիտեի բառի իմաստը, հետաքրքրվեցի, իմացա, սիրեցի։
Բազմակարծություն. ինձ համար սա քաղցր է հնչում, ու երևի հենց սա հիմք դրեց արժեհամակարգիս սկիզբը՝ ուրիշին լսելը, ուրիշի կարծիք փնտրելը՝ հատկապես նրանց լսելը, ում կարծիքի հետ համաձայն չեմ։ Ցավոք, ուշ տեղեկացա, որ ինձնից մի փոքր մեծ սերնդի համար (դե նրանք, որոնք սովետը քանդեցին), այդ բառը արժեք չի, նրանց համար այլ արժեք կա՝ այլակարծությունը։
Դիսիտենտական անցյալի պայքարը ավելի խորը հետք է նրանց վրա թողել, քան պտղաբեր ապագայի հնարավորությունները։ Ցավոք, սովետի փլուզումից հետո մեծ ջանք, եռանդ ու ռեսուրս ներդրվեց այլակարծությունը առաջ տանելու վրա, իսկ բազմակարծությունը անտեսվեց։
Մինչև հիմա այս իներցիան Հայաստանում շարունակվում է, մինչև հիմա բազմաթիվ գրանտներ են տրվում ՀԿ-ներին ու մեդիաներին այլակարծության համար, սակայն ոչինչ չի ուղղվում բազմակարծությունը խթանելուն։
Հետո էլ զարմանում են, թե ինչու մարդիկ իրար չեն լսում. երբ մեգաֆոններով միայն բարձրաձայնում ես, երբ միայն կարևորում ես լեզուն, իսկ ականջներդ փակում՝ ստանում ես այն, ինչ ստացանք այսօր։ Հեղափոխությունից հետո հույս ունեի, որ հանրային հեռուստաընկերությունը այս գործառույթն իր վրա կվերցնի, տեսնենք»։